211652_close_icon
views-count1642 դիտում article-date 12:57 24-10-2014

2007 թ-ից մինչ այսօր տավարաբուծության շրջանակներում Հայաստան է ներկրվել 1881 գլուխ տոհմային երինջ

«Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում 2007-2013 թթ. հանրապետություն են ներկրվել 1881 գլուխ շվից, սիմենթալ և հոլշտին ցեղերի տոհմային երինջներ, որոնք տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են 64 տնտեսավարող սուբյեկտների: Ծրագրի նպատակն է ՀՀ ներկրել համաշխարհային ճանաչում ունեցող կաթնատու` հոլշտին և կաթնամսատու` շվից և սիմնեթալ ցեղերի տոհմային երինջներ, դրանցից ձևավորել տոհմային նախիրներ և տեղում սերունդ ստանալու միջոցով կազմակերպել այդ ցեղերի վերարտադրությունը: Ծրագրի արդյունավետությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով` 1. Հանրապետությունում ձևավորվել են բարձր մթերատու և տոհմային հատկանիշներ ունեցող կենդանիներով համալրված տավարի նախիրներ, որոնցում կովերը ցուցաբերում են 5000 կգ և ավելի կաթնատվություն («Արզնիի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Ագրոհոլդինգ» ՍՊԸ, «Վամաքս» ՍՊԸ, Պավել Գուսևի, Կարեն Պողոսյանի, Պետիկ Պետրոսյանի ֆերմերային տնտեսություններ և այլն): Մինչդեռ խորհրդային տարիներից սկսած մինչև կենդանիների ներկրումը հանրապետությունում կաթնատվության նման ցուցանիշ ոչ մի տնտեսություն չի ունեցել: 2. Ստեղծվել են ներկրված ցեղերի տեղական վերարտադրությունը կազմակերպելու հնարավորություն ունեցող մեկ տասնյակից ավելի տոհմային տնտեսություններ, որոնցից երեքը («Արզնիի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Ագրոհոլդինգ» ՍՊԸ, «Վամաքս» ՍՊԸ) իրականացնում են լիարժեք տոհմային հաշվառում և կենդանիների համալիր գնահատում` բոնիտավորում, ինչը հնարավորություն է ընձեռում այդ ընկերություններին վաճառել նաև իրնեց տնտեսությունում ստացված տոհմային երինջները: 3. Կազմակերպվել են կերակրման և խնամքի գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած, խմբակային մեքենայական կթի և մեքենայացված արտադրական համակարգեր ունեցող 20 տնտեսություններ` ՀՀ Սյունիքի մարզի Սյունիք համայնքում («Վամաքս» ՍՊԸ) և ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում («Ագրոհոլդինգ» ՍՊԸ), որոնք եզակի են մեր տարածաշրջանում, հանդիսանում են ցուցադրական տնտեսություններ և կարող են իրենց փորձը փոխանցել այլ տնտեսություններին: Ծրագրի շրջանակներում եվրոպական երկրներից ներկրված տոհմային երինջները ցուցաբերել են բարձր մթերատվություն և հաջողությամբ հարամարվել տեղի բնակլիմայական պայմաններին: Այս արդյունքները հնարավորություն են ընձեռել Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքում հիմնել ժամանակակից խոշոր տավարաբուծական համալիր, որը նախատեսված է 350 գլուխ ֆլեկֆի ցեղատեսակի կաթնամսատու կով և 150 գլուխ երինջի համար: Աշխարհահռչակ շվեդական «ԴեԼավալ» սարքավորումներով հագեցած համալիրը նախատեսվում է շահագործման հանձնել տարեվերջին: Ծրագրի գլխավոր ձեռքբերումը ՀՀ-ում համաշխարհային ճանաչում ունեցող` հոլշտին, շվից և սիմենթալ ցեղերի գենոֆոնդի ձևավորումն է և այդ ցեղերի տեղական վերարտադրության կազմակերպումը, ինչը թույլ կտա ինչպես մաքուր բուծման միջոցով բազմացնել այդ կենդանիները, այնպես էլ այդ ցեղերի գենոֆոնդն օգտագործել մեր տեղական` կովկասյան գորշ ցեղի տոհմային և մթերատու հատկանիշները կատարելագործելու համար: Ներկայումս ՀՀ-ում ներկրված կենդանիներից և դրանց սերնդից տարեկան ստացվում են շուրջ 1500 գլուխ բարձրարժեք հորթեր, որոնց մի մասով տնտեսավարող սուբյեկտները կազմակերպում են իրենց նախիրների վերարտադրությունը, իսկ մյուս մասը վաճառում հանրապետության այլ ֆերմերային տնտեսություններին` տոհմասելեկցիոն աշխատանքներում օգտագործելու համար: Ծրագիրը շարունակվում է: 2014 թվականի տոհմային երինջների ձեռքբերման գործընթացը սկսվել է:

Նմանատիպ նյութեր