Կառավարությանն Ազգային ժողովում դժվար օրեր են սպասվում. 168 ժամ
«168 ժամ»-ը գրում է. «Այսօր Ազգային ժողովում սկսվում են 2015 թվականի բյուջետային քննարկումները, որոնք համապատասխան հանձնաժողովներում ավարտվելուց հետո կշարունակվեն խորհրդարանի լիագումար նիստում:
Թվում է, թե հաշվի առնելով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը և հաջորդ տարվա վերաբերյալ, մեղմ ասած, ոչ լավատեսական կանխատեսումները, կառավարությանն Ազգային ժողովում դժվար օրեր են սպասվում:
Մյուս կողմից, սակայն, հաշվի առնելով քաղաքական ուժերի ներկայիս դասավորությունը, դժվար է ասել՝ ո՞ւմ համար են այդ օրերն ավելի բարդ լինելու՝ կառավարությա՞ն, թե՞ ոչ իշխանական ուժերի»:
Թերթը հավելում է, որ վերջիններիս համագործակցությունը, հիշեցնենք, ձևավորվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության պահանջի շուրջ, ինչը տեղի ունեցավ և ոչ իշխանական ուժերի կողմից գնահատվեց՝ որպես հաղթանակ: Այժմ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել հաջորդ տարվա պետական բյուջեն:
«Եթե ոչ իշխանական ուժերը քննադատեն բյուջեն և դեմ քվեարկեն դրան, կստացվի, որ իրենց կողմից որպես հաղթանակ ներկայացվող կառավարության փոփոխությունն իրականում այնքան էլ հաղթանակ չէր: Եթե չքննադատեն ու դեմ չքվեարկեն բյուջեին, կստացվի, որ իրենք այնքան էլ ոչ իշխանական ուժեր չեն»,-նշում է «168 ժամ»-ը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: