211652_close_icon
views-count980 դիտում article-date 12:18 03-11-2014

ԼՂՀ փոխվարչապետը ողջունել է համայնքապետերի դասընթացների մասնակիցներին

Այսօր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ողջունել է համայնքների ղեկավարների համար կազմակերպվող շարունակական դասընթացների այս տարվա վերջին խմբի մասնակիցներին: Փոխվարչապետը կարևորել է կառավարության նախաձեռնությամբ անցած տարի մեկնարկած ծրագիրը՝ համայնքների ղեկավարների գիտելիքների ամրապնդման, օրենսդրական դաշտի փոփոխություններին ու լրացումներին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրներն ի մի բերելու և ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից: Ա. Աղաբեկյանի համոզմամբ` ստանալիք գիտելիքներն իրենց ազդեցությունն են թողնելու համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման և կառավարման արդյունավետության բարձրացման գործում: Փոխվարչապետը համայնքապետերին խորհուրդ է տվել դասընթացների ժամանակ լինել ակտիվ և ստանալ իրենց հուզող խնդիրների պարզաբանումները՝ հատկապես բյուջեի ձևավորման գործում իրենց դերակատարությունը բարձրացնելու հարցում: Նա հորդորել է համայնքային ավագանիների հետ քննարկել բյուջեի կազմման հարցերը, ուշադիր լինել տեղական տուրքերի գանձման ուղղությամբ, որպեսզի սեփական բյուջեի մուտքերը ավելանան, և հնարավոր լինի համայնքային հարցերը լուծել առանց պետական դոտացիաների: Ա. Աղաբեկյանը, ներկաներին տեղեկացնելով մի շարք համայնքներում սանմաքրման ուղղությամբ իրականացվող փորձնական ծրագրերի մասին, հորդորել է կարգավորել իրենց բնակավայրերի սանիտարական դրությունը՝ հատուկ աղբատեղեր ունենալ և հետևել աղբահանության ընթացքին:

Նմանատիպ նյութեր