211652_close_icon
views-count1130 դիտում article-date 16:55 03-11-2014

Մայրաքաղաքում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը 10 ամիսների կտրվածքով կազմել է 100 %

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի կանաչապատման աշնանային աշխատանքների շրջանակում hամապատասխան ծառատեսակներով են համալրվել վարչական շրջաններում գույքագրված 1276 ազատ բնաբաժակները, տնկվել է նաև 20 հազար վարդի թուփ: Զեկուցվել է, որ սկսվել են նաև կակաչների սոխուկների տնկման աշխատանքները: Համաքաղաքային առաջիկա` նոյեմբերի 8-ի ծառատունկի հետ կապված էլ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ նախատեսվում է տնկել ավելի քան 20 հազար ծառ և շուրջ 2 հազար թուփ: «Մայրաքաղաքի կանաչ տարածքների ընդլայնումն արդեն մի քանի տարի անընդմեջ մեզ համար գերակա ուղղություններից է: Այս տեսանկյունից ծառատունկերի կազմակերպումն իր առանձնահատուկ նշանակությունն ունի, և մենք տարեցտարի պետք է ավելացնենք տնկվող ծառերի քանակը՝ զուգահեռ ապահովելով նաև դրանց անհրաժեշտ խնամքը: Այս ուղղությամբ քաղաքապետարանի ենթակայության համապատասխան ծառայություններն ու վարչական շրջանների աշխատակազմերն իրենց հերթին ևս պետք աշխատանքներ տանեն: Բացի այդ մեկ անգամ ևս տեղեկացրեք մեր համաքաղաքացիներին առաջիկա ծառատունկի մասին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ձմռան նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերում իրականացվում են դռների և պատուհանների փոխարինման, ապակեպատման, ջրամատակարարման և ջրահեռացման խողովակների ջերմամեկուսացման աշխատանքներ: Նշվել է, որ ընթացքի մեջ է նաև ձմռան ամիսներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման մասին տնտեսվարողներին ծանուցման գործընթացը: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու ըստ անհրաժեշտության ձեռնարկել համապատասխան քայլեր: Մայրաքաղաքում շարունակվում են սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները սեփականատերերի, վարձակալների ու կառուցապատողների կողմից մաքրելու և բարեկարգելու աշխատանքները: Նախորդ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և համապատասխան վարչական արձանագրություներ են կազմվել 94 դեպքի մասով: Զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիների և պետական կառույցների կողմից հոկտեմբեր ամսվա ընթացքում ստացված 12 հազար 151 դիմումների և գրությունների պատասխանների տրամադրման կատարողականը կազմել է 100 տոկոս: Նշվել է նաև, որ ստացված բոլոր գրությունների պատասխանները դիմումատուներին տրամադրվել են սահմանված ժամկետում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հատուկ հսկողությունն ու հետևողականությունը: Զեկուցվել է նաև, որ քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելություններին հոկտեմբերին մասնակցել է համապատասխանաբար 130 և 802 քաղաքացի: Բարձրացված հարցերի զգալի մասին տրվել են համապատասխան լուծումներ և սպառիչ պատասխաններ: Կատարման ընթացքում է վարչական շրջաններում ընդունելությունների շրջանակում ներկայացված 69 հարց: Համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված՝ եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների 2014 թվականի տասը ամիսների կատարողականի ընդհանուր ցուցանիշը 100 տոկոս է կազմել: Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու էլ ավելի ակտիվացնել դրանք՝ տարվա կտրվածքով նույնպես 100 տոկոս ցուցանիշ ապահովելու համար: Զեկուցվել է, որ ավարտվել են բակերում խաղերի տեղադրման այս տարվա ծրագրով նախատեսված աշխատանքները: Ավարտվել են նաև մայրաքաղաքի բակային տարածքների նկարազարդման աշխատանքները: Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ ընդհանուր առմամբ այս տարի նկարազարդվել է 269 տարածք՝ նախորդ տարվա 207-ի համեմատ:

Նմանատիպ նյութեր