211652_close_icon
views-count1283 դիտում article-date 12:55 14-11-2014

Ինչո՞ւ չեն գործում ծխախոտի օգտագործման և սպառման սահմանափակումները

«Հանուն կրթության և գիտության» ՀԿ–ն, «Հակածխախոտային օրենսդրության կիրարկման և վերահսկողության խնդիրները ՀՀ–ում» թեմայով ուսումնասիրության շնորհանդեսով և հակածխախոտային լուսանկարչական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ամփոփեց «Հակածխախոտային օրենսդրությունը՝ հանուն հանրային առողջության» ծրագիրը: Նպատակն է նպաստել հանրային առողջության պահպանմանը՝ հակածխախոտային օրենսդրության կիրարկման արդյունավետ մեխանիզմների բացահայտման ճանապարհով: Այն իրականացվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: «Հակածխախոտային օրենսդրությունը՝ հանուն հանրային առողջության» ծրագրի ղեկավար Մերի Ալեքսանյանը տեղեկացրեց, որ հիմնական շեշտը դրել են ծխախոտի օգտագործման և սպառման օրենսդրական սահմանափակումների չկիրառման պատճառների բացահայտման և խնդիրների լուծման ռաջարկություններ ներկայացնելու վրա։ Ծրագրի շրջանակներում կազմակերպությունը ստեղծել է «Կյանքն առանց ծխախոտի» ֆեյսբուքյան էջը, որի 4500 հետևորդների շրջանում իրականացվել է ծխախոտի վնասների մասին իրազեկում, ծխելը թողնելու քարոզչություն։ Պատրաստվել և հեռարձակվել է հեռուստահաղորդում` չորս մասնագետների մասնակցությամբ: Ինչպես նաև, հայտարարվել է հակածխախոտային թեմատիկայով լուսանկարչական մրցույթ: Ժյուրիի կողմից ընտրված երեք լավագույնները ՀԵՀ-ում պարգևատրվեցին մրցանակներով: Իրավաբանի կողմից պատրաստվել է գործնական առաջարկություններ պարունակող «Հակածխախոտային օրենսդրության կիրարկման և վերահսկողության խնդիրները ՀՀ–ում» թեմայով ուսումնասիրություն, որը կտրամադրվի ՀՀ առողջապահության նախարարությանը, Առողջապահության ազգային ինստիտուտին, խնդրով հետաքրքրված այլ մարմինների և կազմակերպությունների: Իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը նշեց. «Օրենսդրական լուրջ բացթողում է այն, որ հասարակական վայրերում ծխախոտի օգտագործման սահմանափակում նախատեսված չէ։ Անհրաժեշտ է գոնե փակ հասարակական վայրերում (ռեստորաններ, սրճարաններ, բարեր, փաբեր և այլն) արգելել ծխելը՝ հաշվի առնելով օդափոխության վատ համակարգը կամ ծխելու սրահներ առանձբացնել։ Մյուս խնդիրները օրենսդրության կիրառման վերահսկողությանն է առնչվում։ Պետք է որոշակի մարմնների վրա հստակ պատասխանատվություն դնել, որպեսզի պարբերաբար այցելություններ, ստուգումներ իրականացնեն՝ վերահսկելու, թե որքանով է պահպանվում օրենքը , բացահայտելու և պատասխանտվության ենթարկելու օրինախախտներին»։ «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ խնդրի լուծման համակարգային մոտեցում է անհրաժեշտ. «Օրենքները պիտի լինեն խիստ ու կատարվող, դպրոցներում կյանքի հմտություններ առարկայի ծրագրում պարտադիր մեկ հատված պետք է լինի ծխելու և թմրադեղերի օգտագործման վերաբերյալ»: Ըստ սոցիոլոգի`ծխել թողնելը ապրելակերպի փոփոխություն է, մարդ պետք է վերածնվի ու վերափոխվի: Անդրադառնալով վիճակագրությանը` պարոն Ադիբեկյանը նշեց. «Մեզ մոտ ծխելը գների, տնտեսական վիճակի հետ կապված կրճատվել է: 1987-ին հասուն տղամարդկան մոտ 85 տոկոսը ծխում էին, հիմա, մեր տվյալներով, 50 տոկոսն է ծխում: Ամենատխուրն այն է, որ կանայք են սկսել ծխել, հատկապես մենեջեր կանայք` ինքնահաստատվելու համար, որ իրենք էլ տղամարդկանցից պակաս չեն»: Նա նաև մտահոգություն հայտնեց, թե Հայաստանում ծխախոտի գները ցածր են: «Հակածխախոտային օրենսդրության կիրարկման և վերահսկողության խնդիրները ՀՀ–ում» ուսումնասիրության առաջարկությունների բաժնում նշված է ծխախոտի գների բարձրացման միջոցով պահանջարկը կրճատելու տարբերակը։ Եվրոպական շատ երկրներում ծխախոտի արտադրության հարկերի բարձրացումը հանգեցրել է գների թանկացմանը և ծխախոտի՝ ոչ մատչելի դառնալու հետևանքով ծխողների թիվը կրճատվել է։

Նմանատիպ նյութեր