211652_close_icon
views-count1277 դիտում article-date 14:22 24-11-2014

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում հանդիպումներ է անցկացնում. ֆոտոշարք

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 23-ին ներկա է եղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի 2014թ. դրամահավաք-հեռախոսամարաթոնի (ֆոնետոն) փակման արարողությանը: ՀՀ ԱԺ նախագահին ուղեկցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Կարեն Ավագյանը, Արմեն Ռուստամյանը եւ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացրել է Ֆրանսիայի Հանրապետությունում ֆոնետոնի անցկացման պայմանները եւ այս տարվա արդյունքները` նշելով, որ չնայած Ֆրանսիայում տիրող տնտեսական ճգնաժամին՝ ֆրանսահայերի շրջանում Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նկատվում է տարեցտարի աճող հետաքրքրություն: Նշվել է, որ այս տարի Ֆրանսիայի հայերը մեծ ուշադրություն են ցուցաբերել սիրիահայերին վերաբերող ծրագրերին եւ նախաձեռնություններին: Միջոցառմանը ՀՀ ԱԺ պատվիրակության հետ միասին մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախը, ֆրանսիացի պատգամավորներ Պատրիկ Դեվեջյանը, Ժան-Մարկ Ժերմենը եւ Ժան-Իվ լը Բուիյոնեկը: Ֆոնետոնի փակման արարողությանը ներկա են եղել նաեւ ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչներ եւ հարյուրավոր ֆրանսահայեր: Աշխատանքային այցի շրջանակներում՝ նոյեմբերի 23-26-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի եւ Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր