798 դիտում
23:05 24-11-2014
Հայկական մշակութային միջոցառումներ՝ Նորվեգիայում և Դանիայում
Նոյեմբերի 20-ին Օսլոյի Հոլոքոստի և կրոնական փոքրամասնությունների ուսումնասիրությունների նորվեգական կենտրոնում տեղի ունեցավ Կոմիտասի անվան լարային քառյակի համերգը, որը նվիրված էր քառյակի 90-ամյակին և Կոմիտասի 145-ամյակին:
Համերգը կազմակերպել էր Դանիայում ՀՀ դեսպանությունը և Նորվեգիայի Հայ մշակութային միությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Նոյեմբերի 21-ին «Կոմիտաս» քառյակը ելույթ ունեցավ Կոպենհագենի «Mogens Dahl» համերգասրահում, իսկ նոյեմբերի 23-ին` Դանիայի Գյուլինգ քաղաքի եկեղեցում:
Կոպենհագենում համերգային ծրագրի առաջին մասում քառյակի հետ միասին հանդես եկավ Դանիայում հանրաճանաչ դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը:
Աշխարհում ամենահին գործող քառյակի տաղանդաշատ երաժիշտները բարձր արվեստով ներկայացրին Կոմիտասի և համաշխարհային դասականների մի շարք հայտնի ու սիրված ստեղծագործություններ` արժանանալով ունկնդիրների հիացմունքին:
Հոլոքոստի կենտրոնում համերգի ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ Դանիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ով ներկայացնելով Կոմիտաս Վարդապետին ու «Կոմիտաս» քառյակին` նշեց, որ Կոմիտասի երաժշտությունը մարդուն մոտեցնում է Աստծուն, Աստծուն էլ` մարդու հոգուն ու սրտին, իսկ «Կոմիտաս» քառյակը փոխությունների հզոր ուժ է, և նրանց երաժշտությունը տանում է մարդկության վիճահարույց անցյալ և ետ բերում ներկա, ինչպես նաև օգնում է հավատալ ավելի լավ ապագային:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին` դեսպան Աղաջանյանը նշեց, որ քանի դեռ Հայոց ցեղասպանությունը չի ընդունվել այն իրականացնողների կողմից, կմնա որպես ցավագին հիշեցում: Մենք բոլորս համընդհանուր բարոյական պարտականություն ունենք` հիշելու պատմության սև էջերը, ճանաչելու դրանք և բարձրաձայն գնահատական տալու, թե ինչ է տեղի ունեցել, և ինչ կարող է տեղի ունենալ ճիշտ չգործելու դեպքում, քանի դեռ աշխարհում կա բռնության քաղաքականություն, որը բաց դուռ է հանդիսանում նոր ոճիրների ու ցեղասպանությունների համար:
Իր ելույթում Հոլոքոստի կենտրոնի տնօրեն Գուրի Հյելտնեսը նշեց, որ իրենց համար պատիվ է հյուրընկալել «Կոմիտաս» քառյակին, որի հետ ժամանակին հանդես են եկել այնպիսի մեծեր, ինչպիսիք են Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Լեոնիդ Կոգանը և շատ ուրիշ աշխարհահռչակ երաժիշտներ:
Տնօրենը շեշտեց, որ 2006թ. Հոլոքոստի կենտրոնի հիմնադրվելուց հետո իրենց կողմից անցկացված առաջին միջոցառումներից մեկը նվիրված է եղել Հայոց ցեղասպանությանը:
Նմանատիպ նյութեր
1314 դիտում
14:39 02-08-2016
Ռումինիայի Տուլչա քաղաքում տեղի են ունեցել հայկական մշակութային միջոցառումներ
Այս բաժնից
748 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
574 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1114 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից