211652_close_icon

Կոտայքի մարզում «Porsche Cayenne»-ով և «Jeep»-ով Չարենցավանի հիվանդանոց են տեղափոխվել 1 մահացած և 3 վիրավոր քաղաքացիներ. ճշտվել է մահացածի և վիրավորների ինքնությունները. ոստիկաններն ու պարեկները պարզում են դեպքի վայրը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count147393 դիտում article-date 21:29 29-03-2025
Այսօր՝ մարտի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիների կողմից «Չարենցավան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 1 մահացած և 3 վիրավոր քաղաքացիներ։

Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Վահե Մուշեղյանը, Կոտայքի մարզային քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի պետ Անի Դանիելյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները հիվանդանոցի մոտ հայտնաբերել են «Porsche Cayenne» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաներ և ըստ օպերատիվ տեղեկությունների նշված ավտոմեքենաներով են տեղափոխել վիրավորներին։

3 վիրավորները ռեանիմոբիլներով «Չարենցավան» բժշկական կենտրոնից տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ»:

Այս պահին քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են մահացածի, վիրավորների ինքնությունը, ինչպես նաև որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը։

Դեպքի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վաչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետ Կարեն Գրիգորյանի և  ավագ քննիչ Վաչե Մովսիսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Չարեցավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

22:00

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ քրեական և համայնքային ոստիկանները, պարեկներն ու Կոտայքի մարզային քննչական վարչության և Չարենցավանի քննչական բաժնի քննիչները պարզել են դեպքի վայրը, որը Չարենցավանում հայտնի «Գինաց Հոլլ» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կանաչ գոտում է, որտեղ հայտնաբերվել են գլխարկ, ակնոց, բանալի և այս պահին տեղում աշխատում է քննիչը, քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի ավագ դատախազ Հովհաննես Բաղյանը, ինչպես նաև դեպքի վայրում են Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանն ու բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանը։

Պարզվել է, որ մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ 21-ամյա Ռուբիկ Խանոյանն է:

Վիրավորներն են Չարենցավան քաղաքի բնակիչներ 20-ամյա Գոռ Մանուչարյանը, 21-ամյա Ստյոպա Իսկանդարյանը և 21-ամյա Ռաֆիկ Մարգարյանը։


Պարզվել է նաև, որ կա ևս 1 վիրավոր ում ինքնությունը պարզվում է։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 216+
216+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր