1740 դիտում
11:21 29-11-2014
Զորավարժություն Մեծամորում. Լուսանկարներ և տեսանյութ
Նոյեմբերի 28-ին Մեծամորում` Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տարածքում, անցկացվեց ոստիկանության զորքերի մարտավարամասնագիտական զորավարժություն, որին ներկա էին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ:
Զորավարժության սցենարով նախատեսված էր հավանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հայտնաբերման և վնասազերծման հատուկ գործողությունը վարժանքում ընդգրկված զորամասերի մասնակցությամբ:
Զորավարժությունը բաղկացած էր 2 փուլից: 1-ին փուլում հատուկ նշանակության գումարտակն իրականացնում է հակառակորդի խմբերի հայտնաբերման և վնասազերծման զորային գործողություններ ՀԱԷԿ-ի հարակից տարածքում, 2-րդ փուլում ՀԱԷԿ-ի պահպանության առանձին գումարտակը վնասազերծում է պահպանվող օբյեկտ թափանցած դիվերսիոն հետախուզական խումբը:
Ի տարբերություն մյուս հատուկ գործողությունների՝ այս զորավարժությունն իրականացվում է հավանական հակառակորդի խմբերի ոչնչացման հատուկ մարտավարական գործողություններով: Գումարտակների երթը ծածուկ էր, նախապես որոշված երթուղիներով: Ստորաբաժանումները կազմակերպեցին մարտական պահպանություն՝ հակառակորդի անակնկալ հարձակումներից պաշտպանվելու նպատակով:
Ըստ սցենարի` հակառակորդի 10 հոգանոց դիվերսիոն հետախուզական խումբը կենտրոնացել է քարհանքի շրջանում: Քողարկվող խումբը ազդականչով շարժվում է դեպի ՀԱԷԿ՝ նպատակ ունենալով ներթափանցել պահպանվող օբյեկտի տարածք: Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ստորաբաժանումները շրջափակում են հատուկ օպերացիայի շրջանը և ուժեղացնում դիտարկումը հակառակորդի շարժման հավանական ուղղություններով: Ապա ստորաբաժանումները զբաղեցնում են ելման բնագծերը երկկողմանի որոնում իրականացնելու համար:
Վարժանքին մասնակցող ստորաբաժանումները նախատեսված ժամկետում տեղեկացրին, որ հայտնաբերել են հակառակորդին, որը փորձում է դուրս գալ շրջափակումից և մարտի մեջ է մտել մեր ստորաբաժանումների հետ: Կորուստներ տալով՝ հակառակորդը բաժանվում է մանր խմբերի և փորձում մի քանի ուղղություններով դուրս գալ շրջափակումից:
Մի խումբը շարժվում է դեպի հյուսիս և մարտի բռնվում ՈԶ ստորաբաժանումների հետ: Հաջողվում է կենտրոնացված կրակի և ստորաբաժանումների կտրուկ մարտավարական գործողություններով վնասազերծել խումբը:
Հակառակորդի 2-րդ խումբը, օգտագործելով տեղանքը, փորձում է ձորակով դուրս գալ ՀԱԷԿ-ի պահպանության պարագիծ: Այդ խումբը վնասազերծելու նպատակով հատուկ նշանակության գումարտակի հրամանատարը մարտի մեջ է մտցնում պահեստազորը, որը ստորաբաժանումների և կրակի խուսավարման միջոցով շրջափակում ու վնասազերծում է հակառակորդին: Երկու դիվերսանտ ձերբակալվում են:
Չնայած մեր ստորաբաժանման հաջողությանը՝ դիվերսանտների մի փոքր խմբի հաջողվում է թափանցել ՀԱԷԿ-ի տարածք: Այդ պահից սկսվում է զորավարժության 2-րդ փուլը, և գործողության մեջ են մտնում ՀԱԷԿ-ի պահպանության առանձին գումարտակի ստորաբաժանումները:
Օբյեկտի պահպանության պահակախումբը բարձրացվում է տագնապով: Մարտ է սկսվում պահակախմբի պահեստային խմբի և 2 դիվերսանտների միջև, որոնցից մեկը ոչնչացվում է, մյուսը` գերի վերցվում: Դիվերսանտների այս գործողությունն ուշադրություն շեղելու նպատակ ունի. այդ ընթացքում պահպանության պարագծի մեկ այլ տեղամասից օբյեկտ է թափանցում դիվերսիոն-հետախուզական 2-րդ խումբը:
ՀԱԷԿ-ի պահպանության առանձին գումարտակի ստորաբաժանումները զբաղեցնում են ելման բնագծեր: Հայտնաբերելով հակառակորդին՝ որոնող խումբը կենտրոնացված կրակով ստիպում է նրան նահանջել: ԴՀԽ-ն դիրքավորվում է առանձին շինության մեջ:
Գումարտակի հրամանատարը որոշում է կայացնում հակառակորդին վնասազերծելու համար հատկացնել ձերբակալման խումբ, որը զրահատեխնիկայի աջակցությամբ մոտենում է շինությանը և վնասազերծում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը: Այնուհետև ստորաբաժանումները զննություն են կատարում գործողության ողջ տարածքում՝ հակառակորդի խմբի հետախուզական և դիվերսիոն միջոցները հայտնաբերելու նպատակով:
Զորավարժության ղեկավարի ազդականչով հայտարարվում է զորավարժության ավարտը: Զորավարժությունից հետո ոստիկանության պետը շրջեց ատոմակայանի պահպանությունն իրականացնող զորամասում, ծանոթացավ զինծառայողների աշխատանքային ու հանգստի պայմաններին, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին:
Դիմելով զորավարժության մասնակիցներին՝ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց առաջադրված մարտավարամասնագիտական խնդիրների կատարման մակարդակը: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հրամաններով պարգևատրվեցին զորավարժության ընթացքում մարտական և մասնագիտական պատրաստականությամբ աչքի ընկած զինծառայողները:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1564 դիտում
23:32 23-02-2015
Մայրենիի օրվան նվիրված միջոցառումը` Մեծամորում. լուսանկարներ
2869 դիտում
14:20 09-06-2017
«Վեոլիա Ջուր»-ն աշխատում է. Մեծամորում վերանորոգվում է շենքերի «ներքին կալցոն». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2991 դիտում
11:58 14-10-2017
«Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժություն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
802 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
745 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
862 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին