1851 դիտում
17:07 29-11-2014
Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվեց Սուրբ Գեղարդի ուխտի օր
Նոյեմբերի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը:
Հայոց աշխարհի առաջին Լուսավորիչների տոնի առիթով Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:
Ս. Պատարագի ընթացքում Հայրապետական հանդիսավոր թափորով Մայր Տաճար բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը և Մայր Աթոռ ժամանած ուխտավորներին հնարավորություն ընձեռվեց համբուրելու հրաշագործ Սուրբ Գեղարդը և ստանալու նրանից բաշխվող օրհնությունը:
Այս կապակցությամբ Մայր Աթոռի ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն ընթերցեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակը, որով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվեց Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այսուհետև, ամեն տարի նշյալ տոնին, ուխտավորների երկրպագության համար Մայր Տաճար կբերվի Սուրբ Գեղարդը:
Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստվածամուխ սուրբ Գեղարդով և «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին: Սուրբ Գեղարդը տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:
Ստորև ներկայացվում է Հայրապետական կոնդակն ամբողջությամբ:
ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ,
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ
ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ
ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ,
ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ
Համայն հայութեան հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական սէր և օրհնութիւն ենք բերում առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցու աշխարհասփիւռ զաւակներին:
Մեր Տէր և Փրկիչ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութիւնից և Համբարձումից յետոյ Սուրբ Թադէոս և Սուրբ Բարդուղիմէոս առաքեալները հայոց աշխարհում տարածեցին Աւետարանի կենարար լոյսը, և Ամենակալ Տէրը նրանց ձեռամբ հիմնադրեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Տիրոջ շնորհազարդ առաքեալներն իրենց հետ Հայաստան բերեցին նուիրական սրբութիւններ. Սուրբ Թադէոս առաքեալը մեր ժողովրդին պարգևեց Աստուածամուխ Սուրբ Գեղարդը և Տիրոջ կողմից օրհնուած իւղը, իսկ Սուրբ Բարդուղիմէոս առաքեալը` Աստուածածնի լոյս պատկերը:
Առաքելական ժամանակներից Սուրբ Գեղարդը մշատապէս պահուել է Հայոց աշխարհում, մեր հինաւուրց վանքերում, որոնցից Այրիվանքը, ի պատիւ Տէրունի սրբութեան, անուանակոչուեց Գեղարդավանք: ԺԸ դարի կէսերից Սուրբ Գեղարդը փոխադրուեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` լինելով Հայոց Հայրապետաց մշտարթուն հսկողութեան ներքոյ: Սուրբ Գեղարդով է օրհնուում և նուիրագործուում Սրբալոյս Միւռոնը, որպէսզի Աստուածամուխ Գեղարդի միջոցով ևս օրհնուելով` անուշ Իւղը զօրութիւն ունենայ աստուածային շնորհները դրոշմելու մկրտուածների և ձեռնադրեալ եկեղեցականների հոգիներին, սրբագործելու աստուածպաշտական սրբազան իրերն ու առարկաները, հաւատքի նորակառոյց տները: Պատմութեան ընթացքներում նշանակալի իրադարձութիւնների ժամանակ, փորձութիւնների ու նեղութիւնների մէջ Աստուածամուխ Սուրբ Գեղարդը Հայոց Հայրապետաց օրհնութեամբ դուրս է հանուել ի տես և յերկրպագութիւն մեր աստուածասէր ժողովրդի և բարեպաշտ օտարաց, որպէսզի Սուրբ Գեղարդից ճառագող օրհնաբեր լոյսն ու աստուածային զօրութիւնը սփռուեն համայն հաւատացելոց վրայ և հրաշագործեն` պարգևելով հաւատքի ամրութիւն, բժշկութիւն, մխիթարութիւն և երկնահեղ բիւր շնորհներ:
Գոհունակ հոգով, ականատես ուխտաւորաց անհատնում երթին ի Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածին և հաղորդ հաւատացելոց սրտի խորին փափագին, այսօր Հայրապետական այսու Կոնդակով տնօրինում ենք, որ Հայոց առաջին լուսաւորչաց` Սուրբ Թադէոս և Սուրբ Բարդուղիմէոս առաքելոց տօնին Աստուածամուխ Սուրբ Գեղարդը մեծահանդէս թափորով իջեցուի Քրիստոսակերտ Մայր Տաճար` յերկրպագութիւն հաւատաւոր Մեր զաւակների` ի մխիթարութիւն նրանց յուսացեալ հոգիների և ի կատարումն սրտի բաղձանքների: Տիրոջ բիւր շնորհների և երկնահեղ պարգևների հայցով Աստուածակառոյց Սուրբ Էջմիածնից յորդոր և պատգամ ենք բերում հաւատաւոր, աստուածասէր Մեր զաւակներին, որպէսզի ամեն տարի այս մեծափառ տօնին ուխտի ելնեն ի Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածին, ծնրադիր երկրպագութեամբ և խոնարհումով Տէրունի մեծ սրբութեան` հրաշագործ Սուրբ Գեղարդի առջև, որը շնորհաց շտեմարան է, բարեաց աղբիւր և ամենայաղթ սուր ընդդէմ չարի, և աղօթք մատուցեն` հայցելով Փրկչի օրհնութիւնն ու հովանին համայն աշխարհին, Հայրենի մեր երկրին, մեր ժողովրդին և իրենց կեանքին` որպէս «դեղ կենաց առ հնարս ցաւոց հոգւոց և մարմնոց»:
Միածնաէջ Սուրբ Սեղանի առջև ի խորոց սրտի Հայրապետական Մեր աղօթքն ենք բարձրացնում առ Ամենակալ Տէրը, որ երկնային զօրակցութեամբ, «ընդ հովանեաւ Աստուածամուխ և սքանչելագործ սուրբ Գեղարդեանս` ներկեալ արեամբն Քրիստոսի», միշտ հաստատուն ու պայծառ պահի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, և ամենակեցոյց Իր շնորհներով խաղաղ ու ապահով պահպանի ու առատապէս օրհնի աշխարհս և աշխարհասփիւռ ազգս հայոց:
Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեան. ամէն:
Օրհնութեամբ`
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Տուաւ Կոնդակս ի 28-ն Նոյեմբերի
յամի Տեառն 2014 և ի թուին հայոց ՌՆԿԳ
ի Մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 879
Նմանատիպ նյութեր
1319 դիտում
21:01 29-11-2014
Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվեց Սուրբ Գեղարդի ուխտի օր
1496 դիտում
16:47 03-12-2022
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը
1054 դիտում
21:27 29-11-2024
Կատարվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը
Այս բաժնից
715 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»