211652_close_icon
views-count1255 դիտում article-date 11:15 24-12-2014

ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնում է 1.75 տոկոսային կետով՝ սահմանելով 8.50%

2014 թ. դեկտեմբերի 23-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1.75 տոկոսային կետով՝ սահմանելով 8.50%: 2014 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.9%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 2.6%: Արտաքին հատվածում վերջին զարգացումներն հիմնականում արտահայտվել են ԱՄՆ տնտեսության աճի տեմպերի արագացմամբ, որի ներքո ձևավորվել են ԱՄՆ-ում տոկոսադրույքների հետագա բարձրացման սպասումներ: Վերջինս պատճառ հանդիսացավ զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի դեպի ԱՄՆ, որը նպաստեց հիմնական զարգացող երկրների տնտեսական աճի տեմպերի դանդաղմանը և արժույթների արժեզրկմանը: Գրեթե բոլոր զարգացող երկրներն այս երևույթին արձագանքեցին տոկոսադրույքների որոշակի աճով՝ զսպելով գնաճային ճնշումները: Տարածաշրջանում այս ամենին լրացրեց հումքային շուկաների, հատկապես նավթի, գնանկումը և աշխարհաքաղաքական հիմնախնդիրները, որոնք նպաստեցին ՌԴ տնտեսության նկատմամբ բացասական սպասումների ձևավորմանը և ռուբլու ու այլ հետխորհրդային երկրների արժույթների արժեզրկմանը: Համաշխարհային տնտեսության և տարածաշրջանի վերոնշյալ զարգացումների ազդեցությունն արտացոլվել է նաև ՀՀ տնտեսությունում, որտեղ արտաքին աշխարհից ստացվող արտարժութային հոսքերի կրճատումը արժեզրկման ճնշումներ ստեղծեց արժութային շուկայում: Դրամի արժեզրկման հետևանքով տեղի ունեցած որոշ ապրանքների թանկացման արագությունը բնակչության մոտ ապակայունացրեցին գնաճային սպասումները, որը բերեց ապրանքային և արտարժութային պահանջարկի կտրուկ ավելացմանը և զգալի լրացուցիչ գնաճային ճնշումների: Չնայած ակնկալվում է, որ տարեվերջին 12-ամսյա գնաճը դեռևս կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում, սակայն ապագա գնաճային ճնշումները մեղմելու և առկա գնաճային սպասումները նպատակային ցուցանիշի շուրջ խարսխելու նպատակով ՀՀ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Հետագայում, տնտեսական զարգացումներին զուգընթաց, ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը: Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ դեկտեմբերի 30-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն): ՀՀ Կենտրոնական բանկի մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր