211652_close_icon
views-count699 դիտում article-date 17:50 29-12-2014

Սերգեյ Սմբատյանը՝ 2014-ի ձեռքբերումների եւ 2015-ի ծրագրերի մասին

«2014 թվականը դժվար, հագեցած, ձեռքբերումներով, նվաճումներով լի տարի էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար։ Տարվա առաջին համերգը նվիրված էր Քշիշտոֆ Պենդերեցկուն. երիտասարդական նվագախումբը բացեց Պենդերեցկու օրերը Հայաստանում՝ նվիրված երաժշտի 80-ամյա հոբելյանին»,- այսօր հրավիրված տարեկան ամփոփիչ ասուլիսին նշեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ներկայացնելով անցնող տարվա աշխատանքները՝ Սերգեյ Սմբատյանն ռանձնացրեց այն, որ որպես հրավիրյալ պաշտոնական նվագախումբ մասնակցել են մի շարք միջազգային նախագծերի։ Մասնավորապես, նվագախումբը հանդես է եկել Բեյրութում անցկացվող Ալ Բուստան միջազգային փառատոնի շրջանակներում, այնուհետեւ որպես պաշտոնական նվագախումբ՝ Չինաստանի Ֆոշան քաղաքում անցկացված Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթում։ Տարվա ձեռքբերումներից էին երկու մեծ փառատոները՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը՝ Տերտերյան ֆեստը, եւ Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը։ Վերջինս մեկնարկեց էքսպերիմենտալ նախագծով՝ դիջեյ Սուիչի (DJ Switch)-ի հետ համատեղ համերգով։ 2014-ին հիմք դրվեց աշխարհի խոշորագույն մեդիապորտալի՝ Եվրանյուզի հետ համագործակցությանը, որն ուղիղ եթերում իր կայքով հեռարձակեց Արամ Խաչատրյանի անվան փառատոնի փակման գալա համերգը։ Սա աննախադեպ իրադարձություն էր ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի մասշտաբով։ Մի քանի ժամ շարունակ մի քանի հարյուր հազար մարդ աշխարհի տարբեր ծայրերից հետեւում էին հայաստանյան նվագախմբի ելույթին, ծանոթանում հայկական մշակույթի հետ։Բանախոսը տարվա ձեռքբերումներից համարեց նոն ստոպ համերգաշարերի շարունակումը։ Մասնավորապես, նվագախումբը մանուկներին նվիրեց «Cartoon նոն ստոպ» ծրագիրը՝ ներկայացնելով սիրված մուլտֆիլմերի մեղեդիները։ Իսկ տարվա վերջին բեմ բարձրացավ «Հայֆիլմ նոն ստոպ» համերգային ծրագիրն՝ արդեն հայկական ֆիլմերի սաունդթրեքերի ներկայացմամբ։ Նվագախմբի նախաձեռնությամբ վերծանվել եւ թվայնացվել են շատ ֆիլմերի մեղեդիներ։ Սերգեյ Սմբատյանը հատկապես շնորհակալություն հայտնեց «Հայֆիլմ նոն ստոպի» բեմադրող ռեժիսոր Արամ Սուքիասյանին, ում ջանքերի շնորհիվ նաեւ «Հայֆիլմ նոն ստոպ» համերգի ժամանակ ստեղծվեց աննկարագերլի ջերմ մթնոլորտ, ինչն անակնկալ էր նույնիսկ իր համար։ Բանախոսը տեղեկացրեց, որ 2015-ին շարունակվելու են նոն ստոպ ձեւաչափով համերգները. նախատեսվում է կյանքի կոչել «Մոսֆիլմ նոն ստոպ» նախագիծը՝ նվիրված Մեծ հայրենականի հաղթանակի 70-ամյակին։ Խոսելով 2015-ի ծրագրերից՝ Սերգեյ Սմբատյանը նշեց, որ նվագախումբը ստացել է արտասահմանում հանդես գալու բազմաթիվ առաջարկներ, որոնցից առայժմ հաստատվել են 3-ը։ Նվագախումբն արդեն երկրորդ անգամ հանդես կգա Բեյրութում անցկացվող Ալ Բուստան միջազգային փառատոնում, կլինի Եվրոպայում, Ասիայում։ «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն այսօր արտասահմանում հետաքրքրություն է առաջացնում այն մարդկանց մոտ, ովքեր մտածում են, թե ինչ նվագախումբ կարելի է հրավիրել»,- նշեց Սերգեյ Սմբատյանը։ «2015-ը բարդ ու պատասխանատու տարի է լինելու բոլորիս համար, մենք պետք է կարողանանք մեր ուղերձները հասցնել աշխարհին»,- խոսելով 2015թ. խորհրդի մասին՝ նշեց դիրիժորը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվագախումբը նախապատրաստում է մեծ նախագիծ։

Նմանատիպ նյութեր