15881 դիտում
14:31 31-12-2014
Որքան էլ Շիրակի մարզում տեղի ունենան արտակարգ դեպքեր, Գյումրին շարունակում է մնալ չեմպիոնների քաղաք. ապացույցն է տեղի բռնցքամարտիկների 2014 թ. փայլուն հաղթանակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս տարի Շիրակի մարզում տեղի ունեցան մի քանի ողբերգական դեպքեր և արտակարգ պատահարներ: Ողջ Շիրակի մարզը այդ դեպքերից հետո երկար ժամանակ «շողուլից ընկած» էր, քանի որ որոշ դեպքերում մահացած քաղաքացիների թիվը անցնում էր 7-ը:
Ինչպես Շիրակի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անգամ այդ օրերին Շիրակի մարզում բնակվող մեծ թվով բռնցքամարտիկներ ողբերգական դեպքերի ժամանակ իրենց ցավակցություններն էին հայտնում զոհվածների հարազատներին և դրան զուգահեռ շարունակում էին իրենց մարզումները:
Այս տարի Շիրակի մարզը ունեցել է բռնցքամարտի 4 չեմպիոն և 5 բրոնզե մեդալակիր:
18-ամյա գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը, ով հանդես է գալիս 49 կգ քաշային կարգում, 2014 թվականին դարձավ Խորհրդային Միության արծաթե մեդալակիր` Արցախի հերոս Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի հուշամրցաշարի հաղթող: Արթուրը Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակից է, միջազգային մրցաշարերի չեմպիոն և մրցանակակիր:
22-ամյա գյումրեցի Հովհաննես Բաչկովը, ով հանդես է գալիս 64 կգ քաշային կարգում, այս տարի դարձել է Սերբիայում անցկացվող միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր, Մախաչկալայում կայացած Ումախանովի հիշատակին նվիրված մրցաշարի չեմպիոն, ինչպես նաև Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի հուշամրցաշարի հաղթող: Բաչկովը հանդիսանում է Հայաստանի քառակի չեմպիոն, մի շարք միջազգային մրցաշարերի չեմպիոն և մրցանակակիր, ինչպես նաև Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիր:
Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ, 26-ամյա Արման Հովհիկյանը, ով հանդես է գալիս 75 կգ քաշային կարգում, ճանաչվել է 2014 թվականի Հայաստանի լավագույն բռնցքամարտիկ: Անցնող տարում Հովհիկյանը Սերբիայի և Չեխիայի միջազգային մրցաշարերում երկու ոսկե մեդալ նվաճեց, ինչպես նաև դարձավ լեհական Կելցե քաղաքում կայացած Հռոմի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Լեշեկ Դրոգոշի և Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի հուշամրցաշարերի հաղթող: Գյումրեցի բռնցքամարտիկը համարվում է նաև Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակից:
Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, 19-ամյա Հենրիկ Սարգսյանը, ով հանդես է գալիս 91 կգ քաշային կարգում, 2014 թվականին դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր: Բացի այդ, Հենրիկը ճանաչվել Լեշեկ Դրոգոշի և Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի հուշամրցաշարերի հաղթող:
Գյումրի քաղաքի բնակիչ, 18-ամյա Ժորա Համազարյանը, ով հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում, հանդիսանում է Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից, հանրապետության երիտասարդների առաջնության չեմպիոն և մեծահասակների առաջնության մրցանակակիր:
Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ, 16-ամյա Գուրգեն Հովհաննիսյանը, ով հանդես է գալիս 86 կգ ծանրքաշային կարգում, 2014 թվականին դարձավ Ռուսաստանի Անապա քաղաքում կայացած մինչև 16 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Այս պահին մրցանակակիրները անգամ նախատոնական օրով Գյումրու քաղաքապետարանի բալանսում գտնվող բռնցքամարտի մարզական դպրոցում իրենց մարզումներն են շարունակում՝ Շիրակի մարզի բռնցքամարտի մեծահասակների ավագ մարզիչ, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի փոխմարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ, 40 տարվա բռնցքամարտիկ՝ 10 տարուց ավելի գյումրեցի բռնցքամարտիկներին մարզող Մանվել Գաբրիելյանի, ինչպես նաև ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Եվրոպայի չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ Մեխակ Ղազարյանի հետ:
Այս պահին մարզիկները շարունակում են քրտնաջանորեն մարզվել, որպեսզի 2015 թվականին ավելացնեն չեմպիոնների թիվը: Մարզիչների և սաների հետ միշտ լինում է մարզադպրոցի տնօրեն, նախկին ԽՍՀՄ բռնցքամարտի չեմպիոն Հրաչյա Հարությունյանը, ով ի դեպ համարվում է ԽՍՀՄ-ի առաջին գյումրեցի չեմպիոնը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մանվել Գաբրիելյանը նշեց.
«Նախորդ տարիների համեմատ, հայկական բռնցքամարտը վերելք է ապրել և դա մեծամասամբ ի շնորհիվ Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի, ինչպես նաև ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի, իսկ Գյումրիում՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, ովքեր մարզական գործունեության ողջ գործընթացում հնարավորության սահմաններում սատարել են մեր տեղի բռնցքամարտիկներին:
Մարզադպրոցի տնօրեն Հրաչյա Հարությունյանն էլ մինչև «պառավոների» հետ ռինգի մեջ չմտնի, չհամոզվի, որ դահլիճը տաք է, մարզումները չեն սկսի, քանի որ տաք և հարմարավետ պայմանների պարագայում սաները մեծ հաճույքով և արդյունավետությամբ են մարզվում:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մեխակ Ղազարյանը ավելացրեց, որ Հայաստանի Օլիմպիական կոմիտեն՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, Գյումրիում արդեն սկսել է կառուցել բռնցքամարտի հավաքականի համար առանձին մարզադահլիճ, որը կոչվելու է հենց Մեխակ Ղազարյանի անունով և իր չափորոշիչներով համապատասխանելու է եվրոպական ստանդարտներին:
Իսկ բռնցքամարտիկներն էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում նշեցին.
«Մենք անելու ենք ամեն ինչ, որ 2015 թվականին ավելացնենք մեր մեդալների թիվը: Առաջին հերթին մեզ ոգևորում է ու «դուխ» է տալիս այն փաստը, որ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ամեն հարցում սարի նման կանգնած է մեր թիկունքներին: Շատ հաճախ նա անակնկալ գալիս է Գյումրի, այն ժամանակ, երբ մենք դահլիճում պարապմունքներ ենք անում: Ու նրա այդ մոտեցումներից մենք մեզ պարտավորված ենք զգում, քանի որ երբ տեսնում ենք, որ ֆեդերացիայի նախագահը, մարզիչը մեզ «դուխով» տիրություն են անում, մենք էլ ձգտում ենք, որ իրենց չհիասթափեցնենք»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
Նմանատիպ նյութեր
1537 դիտում
14:40 05-09-2020
Գյումրին այսօր Հայաստանի կենսունակության ապացույցն է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Այս բաժնից
3781 դիտում
20:05 14-12-2024
Գարիկ Կարապետյանը երրորդ մոտեցման ժամանակ ցավեցրեց ուսն ու ընկավ մրցահարթակին
2518 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2869 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում