211652_close_icon
views-count1953 դիտում article-date 11:11 21-01-2015

ՀՀ–ում անկախության հաստատումից ի վեր, սուգ է հայտարարվել հինգ անգամ. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է, որ Հունվարի 12-ին գազանաբար սպանվել է Ավետիսյանների ընտանիքը՝ վեց մարդ։ Հունվարի 19-ին մահացել է նույն սպանդի ժամանակ անմարդկայնորեն խոշտանգված Սերյոժա Ավետիսյանը։ Յոթ անմեղ զոհ։ Հայաստանում այդ կապակցությամբ պաշտոնապես սուգ չի հայտարարվել, թեև սգում էին բոլորը: Փոխարենը կառավարական մակարդակներից հայտարարվել է՝ «Սուգ հայտարարելու մշակույթ չունենք»: Այդ մշակույթի փնտրտուքները մեզ տվեցին հետևյալ արդյունքները: ՀՀ–ում անկախության հաստատումից ի վեր, սուգ է հայտարարվել հինգ անգամ: Վերջին անգամ, ըստ «Իրտեկ»-ի, Հայաստանում սուգ է հայտարարվել 2009 թվականի հուլիսի 16-ին՝ Թեհրան-Երևան չվերթն իրականացնող օդանավի վթարի կապակցությամբ, երբ զոհվեցին ինքնաթիռի բոլոր ուղևորները՝ թվով 1 53 մարդ, և ողջ անձնակազմը՝ 15 հոգի: Դրան նախորդած սուգը Հայաստանում հայտարարվել էր 2007 թ. մարտին 28-ին՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ: Ի դեպ, այդ օրը սգո օր էր հայտարարվել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո, երբ, ինչպես հայտնի է, Երևանի կենտրոնում ոստիկանության և բողոքի ակցիայի մասնակիցների միջև բախումների արդյունքում զոհվել էր 10 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, սգո օր այդպես էլ չհայտարարվեց: 2006թ. մայիսի 3-ին Երևան–Սոչի ինքնաթիռի վթարի արդյունքում զոհված 113 մարդու հիշատակը հարգելու համար Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում մայիսի 5-ը և մայիսի 6-ը հայտարարվեցին սգո օրեր: Սգո օր հայտարարվեց նաև Ռուսաստանի Դաշնությունում՝ մայիսի 5-ը: Դրանից առաջ եռօրյա սուգ է հայտարարվել 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկչական գործողության՝ թվով ութ քաղաքական–պետական գործչի սպանդի կապակցությամբ՝ հոկտեմբերի 29-31-ը: Իսկ առաջին անգամ Հայաստանում սուգ է հայտարարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հուղարկավորության օրը՝ 1992 թվականի ապրրիլի 17-ին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր