211652_close_icon
views-count886 դիտում article-date 18:07 21-01-2015

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հանրապետության մարզպետները եւ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը եւ գյուղոլորտում նախատեսվող ծրագրերը, ներկայացվել են նաեւ նախորդ տարում իրականացված ծրագրերի արդյունքները: Զեկուցվել է, որ հողօգտագործողներին տրամադրված սերմացուի, մատչելի գնով պարարտանյութի եւ դիզելային վառելիքի տրամադրման, տոհմային անասնաբուծության, ենթակառուցվածքների զարգացման պետական ծրագրերն էապես նպաստել են ոլորտի առաջընթացին: Մասնավորապես, արձանագրվել է հացահատիկային մշակաբույսերի արտադրության աճ, ինչը նպաստել է մեր երկրի պարենային անկախության խնդրի լուծմանը: Եթե 2010 թվականին ՀՀ-ում հացահատիկի ապահովվածությունը կազմում էր 36 տոկոս, ապա 2014-ին այն հասել է 51 տոկոսի: 2014-ին ավելացել են նաեւ մշակվող հողատարածքների ծավալները՝ գրեթե 15 հազար հեկտարով, արձանագրվել է տարբեր գյուղմթերքների արտադրության, մթերումների ծավալների էական աճ: Գյուղատնտեսության նախարարն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ պետական աջակցության բոլոր ծրագրերն այս տարի եւս կրելու են շարունակական բնույթ: Նախարարի տեղեկացմամբ՝ Համաշխարհային բանկի հետ համատեղ նախատեսվում է սկսել մարզերում կոոպերատիվների ստեղծման ծրագրի երկրորդ փուլը, որում կներգրավվի շուրջ 100 համայնք: Նշվել է, որ նույն ծրագրի առաջին փուլի իրականացումը, որի ընթացքում կոոպերատիվներ են ստեղծվել 50 համայնքներում, նպաստել է գյուղացիական տնտեսություններին գյուղտեխնիկայով ապահովմանը, գյուղատնտեսական աշխատանքների համակարգված իրականացմանը, անասնագլխաքանակի ավելացմանը: Տեղեկացվել է, որ ընթացիկ տարում հանրապետությունում կբացվի 5 սպանդանոց, ինչը կբերի սննդամթերքի անվտանգության խնդիրների լուծմանը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ոռոգման սեզոնի բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Նշվել է, որ իրականացվում են համապատասխան քայլեր, որպեսզի բոլոր պոմպակայանները պատրաստ լինեն սեզոնի մեկնարկին: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գյուղատնտեսական աշխատանքները լավագույնս կազմակերպելու հարցը գտնվում է իր ուշադրության կենտրոնում:

Նմանատիպ նյութեր