211652_close_icon
views-count644 դիտում article-date 13:58 26-01-2015

ՄԱԿ-ի և ՀՀ ՏԿԱԻ նախարարության նախաձեռնությամբ Դիլիջանում կանցկացվի համայնքային երիտասարդ առաջնորդների ձմեռային ճամբար

Հունվարի 27-ից փետրվարի 2-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի և ՀՀ ՏԿԱԻ նախարարության համատեղ նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվելու է «Համայնքային երիտասարդ առաջնորդների ձմեռային ճամբար»: Ճամբարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 27-ին, ժամը 10.00-ին ՀՀ Տավուշի մարզի «Դիլիջան» հյուրանոցում: Ներկա են լինելու ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Հավաքի նպատակն է խթանել 16-30 տարեկան երիտասարդների ներգրավվածությունն իրենց համայնքների քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում, զարգացնել մարզերի երիտասարդների կարողությունները, գիտելիքներն ու հմտությունները տեղական ինքնակառավարման, մասնակցային կառավարման և հավասար իրավունքների ու հնարավորությունների ոլորտներում: Միջոցառումը հնարավորություն կընձեռի տարբեր մարզերի երիտասարդներին հաղորդակցվել իրենց հասակակիցների հետ, ինչպես նաև սոցիալական նորարարությունների միջոցով մշակել երիտասարդների համայնքում ներգրավվածության նոր ձևաչափեր և գործողության պլաններ: Կազմակերպիչները մասնակիցներին կծանոթացնեն տեղական ինքնակառավարման համակարգին, գործառույթներին, մասնակցային ժողովրդավարության սկզբունքներին, հավասար իրավունքների և հնարավորությունների հիմնական դրույթներին, ինչպես նաև տարբեր դերախաղերի միջոցով երիտասարդներին կհաղորդեն իրենց փորձն ու հմտությունները: Ճամբարին մասնակցելու է 40 երիտասարդ, որոնք ընտրվել են մրցութային կարգով:

Նմանատիպ նյութեր