211652_close_icon
views-count1002 դիտում article-date 13:13 05-02-2015

ՄԱԿ-ի` Բռնի անհետացումների հարցերով կոմիտեում Հայաստանի 1-ին պարբերական զեկույցի քննարկում

Փետրվարի 3-ից 4-ը Ժնևում` ՄԱԿ-ի` Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի 8-րդ նստաշրջանի ընթացքում, քննարկվեց Հայաստանի Հանրապետության առաջին ազգային զեկույցը «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի իրականացման վերաբերյալ: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ Ոստիկանության շտաբի պետի տեղակալ, Միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արդարադատության, արտաքին գործերի նախարարությունների և ՀՀ Ոստիկանության միջազգային համագործակցության, ինչպես նաև իրավաբանական վարչության ներկայացուցիչները: Զեկույցի քննարկումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում: Պատվիրակության ղեկավարը ներկայացրեց զեկույցի հիմնական տարրերը, ինչպես նաև Կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ Հայաստանում իրականացված և նախատեսվող միջոցառումները: Զեկույցի քննարկման ընթացքում ՀՀ պատվիրակությունը պատասխանեց կոմիտեի անդամների կողմից բարձրացված հարցերին` մասնավորապես ներկայացնելով քննարկվող առարկայի շուրջ ՀՀ օրենսդրության համապատասխան դրույթները: Զեկույցի վերաբերյալ Կոմիտեի եզրակացությունների և առաջարկությունների ընդունումը տեղի կունենա ս/թ. փետրվարի 11-ին: Տեղեկանք: «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիան վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010թ. հոկտեմբերի 5-ին: ՄԱԿ-ի` Բռնի անհետացումների կոմիտեն 10 անկախ փորձագետներից բաղկացած մարմին է, որը վերահսկում է Կոնվենցիայի իրականացումը անդամ պետությունների կողմից:

Նմանատիպ նյութեր