211652_close_icon
views-count1769 դիտում article-date 20:04 11-02-2015

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Սյունիքի մարզում էր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մարզային այցելությունները շարունակվում են, որի շրջանակում նա այսօր այց է կատարել Սյունիքի մարզ: Մարզում նախարարի առաջին կանգառը Խնձորեսկ համայնքում էր, որտեղ նա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ միասին մասնակցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի (2011-2016 թթ.) շրջանակներում հիմնված անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: «Սա արդեն երկրորդ անասնաբուժական կենտրոնն է, որը շահագործման է հանձնվում այս ծրագրի շրջանակում, և մենք առաջիկայում նախատեսում ենք հանրապետության բոլոր մարզերում նմանատիպ կենտրոններ հիմնել: Կենտրոնը մարզի անասնապահության զարգացմանն ուղղված կարևոր օժանդակություն է տեղի ֆերմերներին և առաջարկում է բարձրորակ խորհրդատվական ծառայություններ, ինչն անկասկած մեծապես կնպաստի գյուղացիական տնտեսությունների գործունեությունն առավել արդյունավետ և նպատակային կազմակերպելուն»,–բացման խոսքում մասնավորապես նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը: Նախարարը հավելել է, որ այս կենտրոնների տեխնիկական և մասնագիտական կարողությունները թույլ են տալիս դրանք վերածել տարածաշրջանում մասնագիտական զարգացմանն ու բիզնեսի աջակցմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր իրականացնող կենտրոնների, ինչպես նաև ընդգրկում են մատուցվող ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` անասնաբուժական ծառայություններ, հիվանդությունների կանխարգելում և բուժում, արհեստական սերմնավորման ծառայություններ, անասնաբուժական դեղորայքի, անասնաբուժական և անասնապահական սարքավորումների և պարագաների վաճառք, խորհրդատվություն և ուսուցողական դասընթացներ: Նախարարը շրջել է նորաբաց կենտրոնում, ծանոթացել տեխնիկական հնարավորություններին և մատուցվող ծառայություններին: Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարը և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ուղևորվել են Գորիսի քաղաքապետարան, որտեղ մասնակցել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով հրավիրված մարզային խորհրդակցությանը: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ՀՀ ԳՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, համայնքապետեր և ոլորտի այլ պատասխանատուներ: Անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում մարզում գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքներին` նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ մարզում առկա է անասնաբուծության զարգացման ընդարձակ ներուժ և անհրաժեշտ է միայն համապատասխան քայլեր ձեռնարկել ինչպես տավարի, այնպես էլ ոչխարների և այծերի գլխաքանակի ու մթերատվության ավելացման ուղղությամբ: Կարևորելով մարզում անասնապահության ճյուղի զարգացումը` նախարարն ընդգծել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի (CARMAC 1) դրական արդյունքները: Նախարարի խոսքով` ծրագրի շրջանակում մարզում հիմնվել են թվով 17 գյուղացիական կոոպերատիվներ, տրամադրվել են 24 անիվավոր տրակտոր և 100 այլ սարքավորումներ: Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորում է ձեռքբերվող գյուղտեխնիկայի արժեքի 80%-ը, իսկ 20% տրամադրում է կոոպերատիվը, պայմանով, որ գյուղտեխնիկան ստանալուց հետո 4 տարիների ընթացքում կոոպերատիվն իր հաշվին կուտակում է գյուղտեխնիկայի արժեքի 30% չափով գումար, որը կարող է օգտագործվել նոր գյուղտեխնիկա գնելու համար: Նախարար Սերգո Կարապետյանի դիտարկմամբ մարզում դեռևս բարձր է գյուղտեխնիկայի մաշվածության աստիճանը: Այս խնդրի լուծման նպատակով պետությունը տնտեսվարող սուբյեկտներին տրամադրում է տեխնիկա ուղղակի վաճառքի, ինչպես նաև լիզինգի միջոցով տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով, 20 տոկոս կանխավճարով, 6 տարի մարման ժամկետով: Նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ պետությունը գյուղացիական տնտեսություններին օժանդակություն ցուցաբերելու նպատակով այս տարի ևս հետևողականորեն շարունակում է սերմացուների, դիզելային վառելիքի և պարարտանյութերի տրամադրման ծրագրերը, ընդ որում դրանք կտրամադրվեն նախորդ տարվա գներով: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև ոռոգման աշխատանքների պատշաճ կազմակերպման հարցը: Ոլորտի պատասխանատուների հավաստմամբ` այս պահին վերջին աշխատանքներ են տարվում համակարգը նախապատրաստելու ուղղությամբ` մարտից 1-ից գյուղացիական տնտեսություններին կայուն ջրամատակարարում ապահովելու նպատակով: Այս համատեքստում նախարարը հատկապես կարևորել է հանրապետությունում կաթիլային ոռոգման համակարգի ներդրմանն ուղղված քայլերը և փոքր ջրամբարների շինարարությունը: Նախարարը անդրադարձել է նաև Սյունիքի մարզում անտառկառավարման ոլորտում առկա հիմնախնդիրներին՝ կարևորելով ապօրինի անտառահատումների դեմ տարվող պայքարի ու այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների նկատմամբ առավել հետևողական մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը: Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվեց Սյունիքի մարզի ֆերմեր Գառնիկ Շալունցը, իսկ ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր:

Նմանատիպ նյութեր