211652_close_icon
views-count3556 դիտում article-date 16:59 12-02-2015

Արցախում հարկային արտոնություններ կտրվեն գյուղատնտեսական մթերքների վերամշակողներին

Փետրվարի 12-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ: Գործադիր մարմինը հանդես է եկել օրենսդրական մի շարք նախաձեռնություններով. ««Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հետ վերադարձնել ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը` ԼՂՀ տարածքում վերջին 5 տարիների ընթացքում բնակարանի ձեռք բերման նպատակով հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով: Վարչապետ Արայիկ Հարությունյանի խոսքով` այդ քայլն արվում է` թեթևացնելու համար հիպոթեքային ծրագրից օգտվող քաղաքացիների բեռը : Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկել նաև հողային օրենսգրքում` մասնավորապես` ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների և ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար կսահմանվեն արտոնություններ` կադաստրային արժեքների տարբերության վճարման համար:Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը: Նիստում հաստատվել է ԼՂՀ տնտեսական զարգացմանն ուղղված 2015 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագիրը: Շուրջ 30մլն դրամի պետական աջակցություն է նախատեսվում ցուցաբերել հիմնականում 6 ծրագրային միջոցառումների` տնտեսական համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպման, «Արցախի գործարարների միություն» իրավաբանական անձանց միության, սննդամթերքի փորձարկման լաբորատորիայի տեխնիկական վերազինման, տնտեսական վերլուծությունների, հետազոտությունների իրականացման ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև ԼՂՀ տնտեսվարող սուբյեկտների արտադրանքի վերաբերյալ տեղեկություններ պարունակող ինտերնետային կայքի շահագործման և կայքի վերաբերյալ տեղեկությունների տարածման, տնտեսվարող սուբյեկտների արտադրանքի արտահանման համար: Կառավարության որոշմամբ՝ ավելացված արժեքի հարկից կազատվեն գյուղատնտեսական մթերքների վերամշակման ավարտուն տեխնոլոգիական ցիկլ անցնող մթերքներից ալյուրը, հացը և լավաշը: Մեկ այլ որոշմամբ՝ գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներին կփոխհատուցվի ապրանքի իրացումից առաջացած ավելացված արժեքի հարկի գումարը: Սրանով պետությունը աջակցում է արտադրողներին իրենց արտադրանքը Հայաստանում իրացնելու և արտադրությունը զարգացնելու գործում: Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է թեթև արդյունաբերության զարգացման համար ևս նման գործիքներ մշակել ու կիրառել: Կառավարության հավանությանն է արժանացել ԼՂՀ-ում կերարտադրության և անասնաբուծության զարգացման 2015-2017թթ. ծրագիրը, որով նախատեսվում է բոլոր շրջաններում գյուղատնտեսության ճյուղերի համաչափ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովել` հանրապետությունում նաև կերային կայուն բազա ստեղծելու համար: Գործադիր մարմնի որոշմամբ՝ մասնակիորեն կսուբսիդավորվի մեխանիկական եղանակով մատակարարվող ոռոգման ջրի արժեքը: Մասնավորապես՝ պետությունը կվճարի արտեզյան ջրհորից մատակարարվող 1 խ.մ ջրի համար ծախսված էլեկտրաէներգիայի արժեքի և ինքնահոս ոռոգմամբ 1 խ.մ ջրի սակագնի տարբերությունը: Կառավարությունը հաստատել է 2015 թվականի պետական բյուջեով իրականացվելիք գյուղատնտեսական ծրագրերն ու միջոցառումները: Դրանց համար հատկացվելու է մոտ 3մլրդ 342մլն դրամ: ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2015 թվականին իրականացվող կենտրոնացված միջոցառումների ծրագիրը, որը նույնպես արժանացել է կառավարության անդամների հավանությանը, իր մեջ ներառում է ուսումնական հաստատությունների տեսչական ստուգումների, մեթոդական գրականության հրատարակման, տրանսպորտային ծառայությունների, առարկայական օլիմպիադաների ու մրցույթների, հրատարակչական գործունեության, սովորողների հետ կազմակերպվող տարաբնույթ միջոցառումների, դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ժամկետներն ու ֆինանսական ծախսերը: Իսկ պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի իրականացումն ապահովող 2015-2016 թթ. Ընդունված ծրագրով կկանոնակարգվեն բնակչության վերարտադրության, թվաքանակի ու կառուցվածքի և դրանց փոփոխման ընթացքի, ծնելիության, մահացության, ընտանեկան կազմի, միգրացիայի շարժի ոլորտներում առկա միտումները: Կառավարությունը հաստատել է հանրապետության բարձրագույն, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ ուսումնառու անձանց ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացառությամբ տաքսի ավտոմոբիլների) արտոնյալ երթևեկության համար պետական ֆինանսական աջակցության տրամադրման փորձնական կարգը, համաձայն որի՝ պետական ֆինանսական աջակցություն կտրամադրվի ուսանողներին` ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով արտոնյալ երթևեկության համար: Ուսանողներին տրամադրվելու են կտրոններ` մասնակի սուբսիդավորմամբ: Որոշումն ուժի մեջ է մտնելու մարտի 1-ից և գործելու է մինչև տարեվերջ: Այնուհետև ծրագրի արդյունավետությունը գնահատվելուց հետո որոշում է կայացվելու այն երկարաձգելու, դադարեցնելու կամ դրան անժամկետ բնույթ հաղորդելու մասին: Նիստում հավանության է արժանացել 2015թ. պետական բյուջեով նախատեսված «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի ծառայությունների գնման գծով պետական պատվերի մասին որոշման նախագիծը, որով «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կիրականացնի միայնակ տարեցների և հաշմանդամ քաղաքացիների շուրջօրյա խնամքի ապահովումը, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը, նյութական և կենցաղային պահանջների բավարարումը, սոցիալ-հոգեբանական և բժշկական վերականգնման աշխատանքները: Ընթացիկ տարվա համար ավելի քան 112մլն դրամ է հատկացվելու կազմակերպությանը` շուրջ 75 հոգու կարիքների բավարարման համար. դա ավելին է սպառողական զամբյուղի միջին արժեքի համեմատությամբ: Վարչապետը հանձնարարել է հետևել կառույցի գործունեությանը, որպեսզի ծախսերը կատարվեն միայն նպատակային: Գործադիրը հաստատել է նաև 2015 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերը` 8մլրդ 983մլն 152հազար դրամ գումարով: Քաղաքաշինության նախարարի կողմից ըստ ոլորտների կատարվելիք աշխատանքները ներկայացվելուց հետո, վարչապետը խիստ զգուշացրել է, որպեսզի շինարարական կազմակերպությունների կողմից աշխատանքները իրականացվեն պայմանագրերի հիման վրա և ժամանակացույցից դուրս շինարարություն չիրականացնեն: Նա հորդորել է նաև հետևողական լինել աշխատավարձերը ժամանակին վճարելու հարցում, քանի որ այդ գումարները գործադիր մարմնի կողմից հատկացվում են ժամանակին, առանց ուշացումների: Կառավարության ղեկավարը նշել է, որ վերահսկողական ծառայությունները նույնպես այդ ուղղությամբ հետևողական աշխատանք ունեն անելու: 240մլն դրամ է նախատեսվում 2015 թվականի պետական բյուջեով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով ծառայությունների գնման պետական պատվերի համար: Նիստում հաստատվել է նաև ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մարզական կենտրոնացված միջոցառումների, մարզական ֆեդերացիաներին ցուցաբերվող ֆինանսական օգնության ծրագիրը, որի նպատակներից են՝ բնակչության ֆիզիկական դաստիարակությունը և առողջության ամրապնդումը, պատանիներին և երիտասարդությանը զանգվածային մարզական պարապմունքներում ներգրավելը, բարձրակարգ մարզիկների պատրաստումը, ինչպես նաև հանրապետությունում տարբեր մարզաձևերի զարգացման նպատակով մարզական ֆեդերացիաներին օգնության ցուցաբերումը: Ա. Հարությունյանը հորդորել է համապատասխան կարգ մշակել և մարզական ֆեդերացիաների ֆինանսավորումը կատարել սահմանված կարգի համաձայն : Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք մեծ դերակատարություն ունեն ոլորտի զարգացման գործում: Կառավարությունը հաստատել է ընթացիկ տարվա համար նախատեսված պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող անշարժ գույքի կադաստրի զարգացման 2015թ. համալիր ծրագիրը, որով նախատեսվում է կատարել նաև Ստեփանակերտ քաղաքի քարտեզագրումը : Գործադիրը սահմանել է հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների կողմից օգտագործված գազերում վնասակար նյութերի պարունակության սահմանային թույլատրելի նորմատիվները, ինչպես նաև մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների մշակման ու հաստատման կարգը : Մեկ այլ կարգով կառավարությունը սահմանել է որսորդական կարիքների, կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով պաշտպանական, արտադրական և հատուկ նշանակության պետական և համայնքային անտառներում անտառային հողերից օգտվելու պայմանները: Նիստում հաստատվել են ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության, ուսումնասիրման և օգտագործման ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը : Ըստ ծրագրի՝ հանրապետությունում շարունակելու է պատմամշակութային հուշարձանների վերականգնման ու պահպանման գործընթացը ` մեծացնելով պատմամշակութային արժեքների դերը զբոսաշրջության և տնտեսության զարգացման գործում: Հաստատվել են նաև 2015 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը:

Նմանատիպ նյութեր