211652_close_icon

Լուսանկարվելով մահվան հետ. «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ գրքից

views-count2648 դիտում article-date 13:41 20-02-2015
Լուսանկարում Օսմանյան կայսրության տարածքում Առաջին աշխարհամարտի տարիներին ծառայություն անցկացրած գերմանացի զինվորականներ են, ովքեր լուսանկարվել են Հեքիմխանի մոտ գազանաբար սպանված հայերի ոսկորների հետ: Հայտնի է նաև լուսանկարն անելու օրը` 1918 թվականի նոյեմբերի 18: Լուսանկարի նեգատիվը գերմանացի զինվորականները տվել էին հայազգի լուսանկարիչ Ցոլակ Դիլդիլյանին` երևակելու համար: Այս լուսանկարը և նրա նեգատիվը հետաքրքիր պատմություն ունեն. Առերես իսլամ ընդունած հայ լուսանկարիչ Ցոլակ Դիլդիլյանն այս լուսանկարը երևակելուց և գերմանացիներին տրամադրելուց հետո որոշում է որպես հուշ պահել նեգատիվը` ենթադրելով, որ այդ լուսանկարում եղած մասունքները կարող են 1915 թ. կեսերին այդ նույն վայրում սպանված նաև իր ազգականների ոսկորները լինել: Գերմանացիները երևի տվել էին իրենց համաձայնությունը, քանի որ դրա գաղտնիության պահպանումն այլևս կարևոր չէր. պատերազմն արդեն ավարտվել էր, իսկ Գերմանիան և նրա դաշնակից Օսմանյան կայսրությունը պարտություն էին կրել Առաջին աշխարհամարտում: Գերմանացի զինվորականները Մեծ եղեռնի տարիներին բազմիցս լուսանկարեցին հայ գաղթականներին ու ցեղասպանության զոհերին, թեպետ Օսմանյան կայսրությունում գործում էր գրաքննության խիստ օրենք: «Հայերի կոտորածն իրականացվեց զանգվածաբար: Բնաջնջման այս քաղաքականությունը դեռ երկար ժամանակ է արատավորելու Թուրքիայի անունը»: Ռիխարդ Կյուհլման Գերմանիայի դեսպանը Օսմանյան կայսրությունում (1916-17 թթ.) Լուսանկարի աղբյուրը` Ցոլակ Դիլդիլյանի հավաքածու «100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից: Նյութը՝ [url=http://www.genocide-museum.am/arm/20.02.2015-100photos.php]սկզբնաղբյուր կայքում:[/url]

Նմանատիպ նյութեր