8744 դիտում
16:43 23-02-2015
ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ականատես եղավ հաշմանդամ կարատեիստների պարապմունքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փետրվարի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տրվեց հերթական յուրօրինակ նախաձեռնության մեկնարկը: «Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի շրջանակներում նախարարությունում կազմակերպվում են հաշմանդամ աշխատակիցների և հաշմանդամություն ունեցող այլ անձանց կարատեի պարապմունքներ: Հաշմանդամություն ունեցող մարդկանց ներառմանն ուղղված այս ծրագիրն իրականացնում է JKA Armenia - Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիան` ՀՀ ՏԿԱԻ նախարարության և «Ունիսոն» ՀԿ աջակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է hաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր ցանկանում են զբաղվել մարտարվեստով, տալ ինքնադրսևորվելու և հանրապետական ու միջազգային մրցումների մասնակցելու հնարավորություն:
ՏԿԱԻՆ շարահրապարակում հանդիսավոր արարողությամբ հայտարարվեց ծրագրի մեկնարկի մասին, այնուհետև սկսվեց կարատեիստների ցուցադրական ելույթը: JKA Armenia-Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիայի գլխավոր մարզիչ Սևակ Հակոբյանը, որը հատուկ վերապատրաստում է անցել Եվրոպայում, տեղավորվելով հաշմանդամի սայլակին` ցուցադրեց կարատեի մի քանի ինքնապաշտպանական հնարք:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնավորապես ասաց.
- Երեք տարի առաջ, երբ մենք սկսեցինք խոսել այս մասին, համարյա ոչ ոք չէր հավատում, որ պետական հիմնարկում կարող են սայլակավոր հաշմանդամներ աշխատել: Սակայն այսօր նրանք ոչ միայն աշխատում են այստեղ, այլև` ակտիվ մասնակցում նախարարության բոլոր նախաձեռնություններին, իսկ վերջերս մենք սկսել ենք սայլակավոր հաշմանդամներին աշխատանքի ընդունել նաև մեր մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում: Սա մեր համագործակցության առաջին քայլերից է, սակայն համոզված եղեք, որ մենք պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցել բոլոր նախաձեռնություններին, օժանդակել մեր աշխատակիցներին և տրամադրել նախարարության մարզադահլիճը պարապմունքների համար: Ինչպես գիտեք` հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում գեղեցկուհիներ են ճանաչվել մեր աշխատակցուհիները, այնպես որ հուսով եմ` կարատեի չեմպիոնը նույնպես լինելու է մեր աշխատակիցներից:
JKA Armenia-Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիայի գլխավոր մարզիչ Սևակ Հակոբյանի խոսքերով` նախարար Ա. Երիցյանն անմիջապես արձագանքել է իրենց առաջարկությանը.
- Ամբողջ աշխարհում սա շատ ընդունված պրակտիկա է, և ուզում եմ մեր խորին շնորհակալությունը հայտնել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` մեր նախաձեռնությանն անմիջապես ընդառաջ գնալու և համագործակցելու համար:
«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց ներառման ոլորտում քիչ գործ չի արվում և ինքը զգալի առաջընթաց է նկատում.
- Կարծում եմ, որ ՏԿԱԻ նախարարության լավագույն փորձը պետք է վարակիչ լինի նաև մյուս պետական մարմինների համար:
Միջոցառման հանդիսավոր մասից հետո մասնակիցները տեղափոխվեցին նախարարության մարզասրահ, որտեղ նախարար Ա. Երիցյանի և այլ պաշտոնատար անձանց ներկայությամբ տեղի ունեցավ ՏԿԱԻՆ հաշմանդամ աշխատակիցների կարատեի առաջին պարապմունքը:
«Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի շրջանակներում իրականացվեց նաև հայտնի մարդկանց մասնակցությամբ ֆլեշմոբ (Գիսանե Պալյան, Սոնա Ռուբենյան, Սուսաննա Պետրոսյան և այլն): Լուսանկարվելով նախագծի հաշմանդամ մասնակիցների հետ` նրանք տեղադրելու են նկարները սոցիալական ցանցերում` օժանդակելու համար նրանց խնդիրների լուծմանը և «Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» նախաձեռնությանը:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 169+
169+
Նմանատիպ նյութեր
1718 դիտում
16:37 20-11-2015
ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելել է Երևան քաղաքի փրկարարական վարչություն. ֆոտոռեպորտաժ
21851 դիտում
11:55 31-12-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեցին Արագածոտնի մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
16807 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ