211652_close_icon
views-count2890 դիտում article-date 09:29 05-03-2015

Ի՞նչ տարբերություն սպանվածների, որբերի և անտունների համար, թե հանուն ինչի են կատարվում կամայականությունները. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. ««Սովետի» նկատմամբ որևէ ջերմ զգացում չունեմ, բայց արդյոք այդ երկրի արագ և չմտածված կազմաքանդումը միայն օգո՛ւտ է բերել աշխարհին, այդ թվում՝ Ամերիկային: Էլ մեր մասին՝ չասած: Կամ, մասնավորապես, Իրաքում այսօր ստեղծված վիճակը և այդ տարածքում նույն «Իսլամական պետության» գործունեությունն արդյոք աշխարհի և ԱՄՆ-ի համար ավելի՞ մեծ վտանգ չի ներկայացնում, քան Սադամի ռեժիմը: Վերջերս հարցազրույց էի վերցրել ուկրաինացի հրապարակախոս Վիտալի Պորտնիկովից: Տպավորությունս այն էր, որ ես խոսում եմ Դմիտրի Կիսելյովի հետ, միայն թե «մինուսի» նշանով: Պուտինյան քարոզչի ամեն երկրորդ բառը Արևմուտքի հասցեին անեծքներն են, իսկ իմ զրուցակցի «գլխավոր հերոսը» Պուտինն է: Երկու հրապարակախոսներն էլ ունեն «չարիքի կայսրության» մասին հստակ և միանշանակ պատկերացում պարզապես զուտ աշխարհագրորեն այդ կայսրությունը նրանք «տարբեր տեղերում» են տեսնում: Երկուսն էլ ինչ-որ տեղ ճիշտ են՝ ագրեսիվությամբ և ցինիզմով այդ «կայսրությունները» կարող են իրար հետ մրցել: «Ի՞նչ տարբերություն սպանվածների, որբերի և անտունների համար՝ հանուն ինչի են կատարվում կամայականությունները՝ տոտալիտարիզմի՞, թե՞ սուրբ ժողովրդավարության և ազատականության»,- հարցնում էր Մահաթմա Գանդին»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր