211652_close_icon
views-count932 դիտում article-date 19:34 11-03-2015

Հայաստանի եւ Քուվեյթի վարչապետները քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Շարունակվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Քուվեյթի Պետություն: ՀՀ կառավարության ղեկավարն առանձնազրույց է ունեցել Քուվեյթի իր գործընկերոջ՝ վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Քուվեյթի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին իր հրավերն ընդունելու եւ Քուվեյթ պաշտոնական այց կատարելու համար եւ համոզմունք հայտնել, որ Հովիկ Աբրահամյանի այցը նոր լիցք կհաղորդի տնտեսական բնագավառում կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Քուվեյթի վարչապետին հրավերի համար եւ վստահություն հայտնել, որ այս այցը լավագույնս կծառայի երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերն առավել ամրապնդելու ու տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցությանը նոր թափ հաղորդելու համար: Զրուցակիցները կարեւորել են տնտեսական բնագավառում համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը: Այդ համատեքստում առանձնակի կարեւորվել է հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը: Անդրադարձ է կատարվել նաեւ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությանը, ինչը կխթանի երկկողմ կապերի խորացմանն ու ընդլայնմանը: Հայաստանի վարչապետը Քուվեյթի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, որը սիրով ընդունվել է: Հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանի եւ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության եւ Քուվեյթի Պետության կառավարությունների միջեւ ստորագրվել են զբոսաշրջության եւ գյուղատնտեսության բնագավառներում 2015-2017 թթ. համագործակցության գործնական ծրագրեր: Հայկական կողմից փաստաթղթերն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քուվեյթյան կողմից՝ Առեւտրի եւ արդյունաբերության նախարար Աբդուլմոհսեն Ալ-Մեդեիջը եւ Քուվեյթի վարչապետի առաջին տեղակալ, Արտաքին գործերի նախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սաբահը:

Նմանատիպ նյութեր