16920 դիտում
19:32 12-03-2015
Ավտովթարից հետո «Նաիրի Ինշուրանս» ԱՊՊԱ ընկերությունը տուժողից ստիպողաբար փորձում է գումարը հետ կորզել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավտովթարի հետևանքով ապահովագրական ընկերության փոխհատուցումը հետ պահանջելու՝ ուղիղ մեկ տարի տևած երկարատև դատական գործընթացի ողջ ընթացքում քաղաքացիական գործով պատասխանող հանդիսացող Ազատ Հովհաննիսյանը վստահ էր, որ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի՝ իր դեմ ներկայացված հայցապահանջն ամբողջությամբ անհիմն է և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մ. Սիմոնյանի նախագահությամբ, ի վերջո, պարզելով գործով ճշմարտությունը՝ մերժելու է ապահովագրական կազմակերպության պահանջը՝ վերականգնելով արդարությունը, սակայն 2014թ. Փետրվարի 20-ին կայացված վճիռը ապացուցեց հակառակը:
Այս մասին այսօր՝ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Հովհաննիսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբանների պալատի փաստաբան Անի Աթանեսյանը:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը գործի վերաբերյալ փաստաբանի ներկայացրած մանրամասները ներկայացնում է ստորև:
Այսպես.՝ ՀՀ Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղում 16.08.2013 թվականին տեղի էր ունեցել ավտովթար, որտեղ բախվել էին ԳԱԶ 2411 մակնիշի 24 SU 198 համարանիշի և ՎԱԶ 21214 մակնիշի 31 ՕԼ 357 համարանիշի ավտոմեքենաները: ԳԱԶ 2411-ի վարորդ Ազատ Հովհաննիսյանը իրեն մեղավոր էր ճանաչել, ինչի արդյունքում Ա. Հովհաննիսյանի ապահովագրական ընկերությունը՝ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն, որպես վերջինիս պատճառված վնասի հատուցում պատահարի մյուս մասնակցին վճարել էր 784.280 ՀՀ դրամ գումարի չափով ապահովագրական հատուցում, իսկ հետո, արդեն 24.01.2014թ. հայցադիմում էր ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ա. Հովհաննիսյանի՝ երրորդ անձին վճարված գումարը հետ պահանջելու, ինչպես նաև պահանջելով այդ գումարի նկատմամբ ՀՀ Քաղ. օր-ի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսների գումարը:
Ապահովագրական ընկերությունը իր հայցապահանջի հիմքում դրել էր այն հանգամանքը, որ Ա. Հովհաննիսյանը վթարից անմիջապես հետո, տեղյակ չէր պահել ապագովագրական ընկերությանը վթարի մասին:
Պատասխանող Ա. Հովհաննիսյանը դատարանին հայտնել է, որ վթարից անմիջապես հետո, ապահովագրական ընկերությանը չէր կարող տեղյակ պահել, քանի որ վթարից հետո իր ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել էր և միայն որոշակի ժամանակ անց է ի վիճակի եղել զանգահարելու «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ին: Ի հիմնավորումն իր փաստարկի՝ ներկայացրել է ՀՀ Արմավիրի մարզի Հուշակերտի ԲԱ ՓԲԸ-ի կողմից տրված գրությունը, որով հաստատվում է, որ Ա. Հովհաննիսյանը ունի առողջական լուրջ խնդիրներ, այն է՝ հիվանդ է շաքարային դիաբետ 2-րդ տիպ, ճարպակալում 4-րդ աստիճանի, զարկերակային հիպերտենզիա հիվանդություններով, որի կապակցությամբ ստանում է բուժում ամբուլատոր պայմաններում:
Ավելին՝ դեպքի վայրում առկա քաղաքացիները դատարանում որպես վկա ցուցմունք տվեցին այն մասին, որ իրականում նրա ինքնազգացողությունը վթարից անմիջապես հետո կտրուկ վատթարացել է և միայն որոշ ժամանակ անց, երբ մի փոքր վիճակը կայունացել է, զանգահարել է ապահովագրական ընկերությանը:
Սակայն դատարանը վկանների ցուցմունքներին ապացուցողական նշանակություն չտվեց այն պատճառաբանությամբ, որ «…….ցուցմունքները արժանահավատ չեն կարող լինել, քանի որ վկաները շահագրգիռ անձեր են` պատասխանողի համագյուղացիներն են…», և, հիմք ընդունելով միայն ապահովագրական ընկերության հեռախոսազանգի ձայնագրությունը, որում Ա. Հովհաննիսյանը նշում է, որ վթարից 2 ժամ անց է զանգահարել, վճռեց ապահովագրական ընկերության հայցը բավարարել և Ա. Հովհաննիսյանից բռնագանձել ա) 784 280 /յոթ հարյուր ութսունչորս հազար երկու հարյուր ութսուն/ ՀՀ դրամ` որպես հետադարձ պահանջի /սուբրոգացիայի/ իրավունքի իրականացում.
բ) Նշված գումարին, սկսած 2014 թվականի հունվարի 24-ից մինչև այդ պարտավորության դադարման օրը, ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների հաշվարկվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսներ:
գ) 15 690 /տասնհինգ հազար վեց հարյուր իննսուն/ ՀՀ դրամ` որպես պետական տուրքի վճարած գումարի հատուցում:
Այսպիսով դատարանը սույն գործով հաշվի չառավ այն հանգամանքը, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանների» /այսուհետ նաև Պայմաններ/ 7.2-րդ կետի համաձայն` ապահովագրողին պատահարի մասին անմիջապես տեղյակ պահելու պահանջից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ Ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը պատահարի հետևանքով հայտնվել են անգիտակից վիճակում կամ այնպիսի իրավիճակում, որն անհնարին է դարձնում Ապահովագրողին անհապաղ ապահովագրական պատահարի մասին տեղեկացնել:
Ավելին՝ ուղղակի զարմանալի է, թե ինչ հիմքով է դատարանը բավարարել նաև հայցվորի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման պահանջը, եթե այդ հոդվածը կիրառելի է ուրիշի դրամական միջոցները ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում: Արդյո՞ք դատարանը հաստատված էր համարել այն հանգամանքը, որ Ա. Հովհաննիսյանը ապօրինի պահել էր իր մոտ ապահովագրական ընկերության դրամական միջոցները կամ արդյո՞ք հետադարձ պահանջ ներկայացնելու դեպքում կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածը: Սրանք հարցադրումներ են, որոնց պատասխանը Ա. Հովհաննիսյանը ակնկալում է ստանալ վերադաս դատական ատյաններում:
Ներկայումս, երբ գործի քննությունը ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Ա. Հովհաննիսյանին պարզ է մեկ հանգամանք, այն է, որ դատարանը չցանկացավ խորանալ գործի հանգամանքների մեջ, բացահայտել ճշմարտություն և որպես արժանահավատ փաստարկներ ընդունեց միայն ապահովագրական ընկերության դիրքորոշումը: Ավելին՝ սույն գործով դատարանը բավականին երկար ժամանահատված չէր կարողանում վճիռ կայացնել, քանի որ մի քանի անգամ վճռի հրապարակումը ուղղակի անհասկանալի պատճառներով հետաձգվել է, այն պարագայում, երբ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը վճռի հրապարակումը հետաձգելու ընթացակարգ չի նախատեսում:
Այսինքն դատարանը ինքն էլ չէր կողմնորոշվում ինչպիսի վճիռ կայացնել՝ մերժել հայացապահանջը՝ վերականգնելով արդարությունը, թե բավարարել հայցապահանջը՝ հաճոյանալով ապահովագրական կազմակերպությանը:
Այնումենայնիվ Ազատ Հովհաննիսյանը վճռական է և պատրաստվում է բողոքարկել կայացված դատական ակտը՝ ՀՀ Դատական վերադաս ատյաններում՝ իրավական բոլոր մեխանիզմներով իր շահերը պաշտպանելու և արդարադատությունը վերականգնելու համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1264 դիտում
18:27 10-06-2023
Կեղծ կայքերը փորձում են ձեզնից կորզել բանկային քարտի տվյալները ու գողանալ գումարը. Մարտիրոսյանը զգուշացնում է