211652_close_icon
views-count1145 դիտում article-date 22:32 12-03-2015

Հայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես Մոսկվայում

Մարտի 11-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ Մոսկվայի «Բիբլիո-գլոբուս» գրախանութում կայացավ Ռուսաստանի լրագրողների միության անդամ, գրող և պաշտոնաթող գնդապետ Ջոն Ակոպովի և Անվտանգության ու կոնֆլիկտաբանության եվրոպական ակադեմիայի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Իգոր Բոնդարենկոյի համահեղինակությամբ հրատարակված «Հայ ժողովրդի ցեղասպանութունը. պատմություն, դասեր, իրականություն» խորագրով ռուսալեզու և անգլալեզու գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին հասարակական-քաղաքական գործիչներ և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ, ուսանողներ: Ներկաներին ուղղված իր խոսքում գրքի համահեղինակ Ջոն Ակոպովն անդրադարձավ հրատարակության պատմագիտական և քաղաքագիտական նշանակությանը՝ ընդգծելով, որ ներկայացված գիրքը հանդիսանում է երկու համահեղինակների երկարատև տարիների ուսումնասիրության արդյունքը: «Գրքում ընդգրկված են բազմաթիվ պատմական փաստեր, որոնք վկայում են 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին: Այս գրքի միջոցով ռուսաստանյան հասարակության լայն շերտերի ուշադրությանն են ներկայացվում բազմաթիվ արխիվային փաստաթղթեր, որոնք վերստին վկայում են այն մասին, որ հայերի նկատմամբ իրագործված զանգվածային խոշտանգումները եղել են նախապես ծրագրված Օսմանյան իշխանությունների կողմից և սոսկ հետապնդել հայերին ոչնչացնելու նպատակ», - նշեց Ջոն Ակոպովը: Գրքի մյուս համահեղինակ Իգոր Բոնդարենկոյի խոսքով` նշյալ հրատարակությունը նպատակ ունի հակազդելու բոլոր այն կեղծ ու ստահոդ նյութերին և հրապարակումներին, որոնք միտված են թերի կամ աղավաղված տարբերակով ներկայացնելու 1915թ. դեպքերը: «Յուրաքանչյուր ոք, ով բացի այս գիրքն ու ծանոթանա ներկայացված լայնածավալ փաստագրական նյութերին, այլևս երբեք չի երկմտի, թե ինչ է տեղի ունեցել հայերի նկատմամբ 1915թ. Օսմանյան կայսրությունում», - համոզմունք հայտնեց Իգոր Բոնդորենկոն: Շնորհանդեսին ելույթներով հանդես եկան նաև «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համառուսաստանյան հանձնաժողովի քարտուղար Յուրի Նավոյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Մարիա Բաբայանը, ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահին կից պետական մշակութային քաղաքականության խորհրդի անդամ, ՌԴ վաստակավոր իրավաբան Վալերի Նարինյանը, ՌԴ Պետական Դումայի փորձագետ Պավել Սուբբոտինը, Ռուսաստանյան Ազնվականների ժողովի փոխնախագահ Գեորգի Գրիշինը և այլոք:

Նմանատիպ նյութեր