1255 դիտում
22:03 16-03-2015
Եվրանեսթ ԽՎ-ի էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Մարտի 16-ին տեղի է ունեցել նաեւ Եվրանեսթ ԽՎ-ի էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ «Արեւելյան գործընկերության շրջանակներում էներգիայի արդյունավետ օգտագործման ոլորտում առկա խնդիրների, ներուժի եւ
համագործակցության նոր հնարավորությունների, ինչպես նաեւ էներգիայի վերականգնվող աղբյուրների մասին» թեմայով: Նիստը վարել են Եվրախորհրդարանի պատգամավոր Քնութ ֆլեքենշթայնը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն իր զեկույցում նշել է, որ հանրապետության ներկայիս էներգետիկ անվտանգության մակարդակն ապահովելու նպատակով Հայաստանում պարտադրված է պահպանել եւ զարգացնել ատոմային էներգետիկան` կառուցելով նոր սերնդի միջուկային էներգաբլոկ, որը կփոխարինի գործող ատոմային էներգաբլոկին:
Նա անդրադարձել է նաեւ էներգետիկայի զարգացման խնդիրներին` առանձնացնելով արեւային եւ ջերմային կայանների կառուցման անհրաժեշտությունը: Ըստ նախարարի` վերականգնվող էներգետիկայի աղբյուրների զարգացման գործընթացը կիրականացվի միջազգային դոնոր կազմակերպությունների, Համաշխարհային բանկի, Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի եւ միջազգային ֆինանսական այլ կազմակերպությունների միջոցով:
Երվանդ Զախարյանը նշել է, որ համաձայն 2014թ-ի հունիսին ստորագրված համաձայնագրի, ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլար կուղղվի արեւային էլեկտրակայանի կառուցման ֆինանսավորմանը, իսկ 3 մլն կուղղվի ջերմային պոմպերի եւ արեւային տաքացուցիչների կառուցմանը: «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հիմնադրամ» ծրագրի ղեկավար Արա Մարջանյանը, խոսելով Հայաստանի էներգետիկ անվտանգության հայեցակարգի մասին, նշել է, որ այն ձեւավորվել է 90-ական թվականների ճգնաժամային իրողություններից ելնելով:
Ըստ նրա` հետագայում եղել են ձեռքբերումներ, որոնք օգնել են հաղթահարել ճգնաժամը. սկսել են աշխատել ՀԷԿ-երը, այնուհետեւ վերագործարկվել է ատոմակայանը: Եվրախորհրդարանի պատգամավոր Քնութ ֆլեքենշթայնը, խոսելով քննարկման դրված նախագծի մասին, նշել է, որ ռազմավարական առումով նախագիծը շատ կարեւոր է: Նա առաջարկել է իրագործել բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք այս ոլորտում կհանգեցնեն արդյունավետ համագործակցության: «Արեւելյան գործընկերության շրջանակներում էներգիայի արդյունավետ օգտագործման ոլորտում առկա խնդիրների, ներուժի եւ համագործակցության նոր հնարավորությունների, ինչպես նաեւ էներգիայի վերականգնվող աղբյուրների մասին» նախագծի վերաբերյալ առաջարկությունների գերակշիռ մասը հանձնաժողովն ընդունել է:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված