211652_close_icon
views-count1889 դիտում article-date 21:31 27-03-2015

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ` ոլորտի ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով: «Վերամշակող ճյուղը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի կարևորագույն ճյուղերից մեկն է, սակայն այստեղ առկա են խնդիրներ, որոնք միասնական լուծում են պահանջում, ուստի հարկավոր է միավորել ջանքերը և համատեղ աշխատանքներ իրականացնել», - իր խոսքում նշել է նախարարը: Այս կապակցությամբ նախարարը հորդորել է կաթնամթերք արտադրող ընկերություններին առավել համակարգված գործել` սերտորեն համագործակցելով միմյանց և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ: Գոհունակությամբ նշելով, որ վերջին տարիներին հանրապետությունում նկատվում է անասնագլխաքանակի աճ և դրանից բխող կաթի արտադրության ծավալների ավելացում` նախարարն ընդգծել է, որ այդ պայմաններում անհրաժեշտ է մեծացնել կաթի մթերման ծավալները: Միաժամանակ նախարարը առանձնահատուկ շեշտել է, որ, ըստ նախնական պայմանավորվածության, կաթի մթերման գինը չպետք է նվազի: Նախարարը խորհուրդ է տվել ընկերություններին` ավելացնել պանրի արտադրության և արտահանման ծավալները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ արտադրատեսակի պահանջարկը մեծ է ՌԴ-ում: Նախարարը նաև տեղեկացրել է , որ իր հանձնարարությամբ տարեսկզբից փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այցելություններ է կատարում մարզեր` կաթի մթերման աշխատանքներին տեղում հետևելու և ընթացիկ խնդիրներին ծանոթանալու նպատակով: Խորհրդակցության ընթացքում նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել ընկերություններին` կաթի մթերման ընթացքում ծագող խնդիրների լուծման հարցում:

Նմանատիպ նյութեր