819 դիտում
12:11 03-04-2015
Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Յանակիս Օմիրուի հետ. լուսանկարներ
Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը, Միքայել Մանուկյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը:
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն:
Հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար եւ նշել, որ նման փոխայցերը մեր երկրների եղբայրական դարավոր կապերի, պատմական եւ մշակութային ընդհանրությունների, հոգեւոր արժեքների, հայ եւ կիպրացի ժողովուրդների միջեւ հաստատված փոխըմբռնման եւ վստահության լավագույն վկայությունն են: ԱԺ նախագահն ընդգծել է, որ մեր ժողովուրդները դարեր շարունակ քայլել են կողք կողքի՝ նեցուկ լինելով միմյանց դժվար պահերին:
Իր երախտիքի խոսքն ուղղելով Կիպրոսի խորհրդարանի նախագահին՝ ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ Կիպրոսի խորհրդարանը դեռեւս 1975 թվականին է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունել:
«Մենք երախտապարտ ենք Կիպրոսի բարեկամ ժողովրդին՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին օգնության ձեռք մեկնելու եւ ապաստան տալու համար: Այսօր կիպրահայ համայնքի ներկայացուցիչները Կիպրոսի իշխանությունների շնորհիվ լիովին ինտեգրված են կիպրական հասարակությանը, ինչպես նաեւ զգալի դերակատարություն ունեն իրենց երկրորդ հայրենիքի հասարակական եւ քաղաքական կյանքում»,- իր խոսքում նշել է Գալուստ Սահակյանը:
Նա բարձր է գնահատել երկու երկրների միջեւ ընթացող քաղաքական երկխոսությունը եւ այդ համատեքստում մեծապես կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ նշելով, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ խորհրդարանական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում որակապես առավել բարձր մակարդակի են հասել: Գալուստ Սահակյանի խոսքով՝ Հայաստանը հետամուտ է շարունակելու համագործակցությունը Եվրոպական միության հետ բոլոր ձեւաչափերով, հնարավոր բոլոր ոլորտներում եւ ուղղություններով՝ նկատի ունենալով Հայաստանի պարտավորություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում:
Ազգային ժողովի նախագահը խոսել է նաեւ Թուրքիայի կողմից Կիպրոսի մասնատման մասին՝ նշելով, որ Հայաստանը երբեք չի ընդունել եւ չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու որեւէ փորձ: Նա նշել է, որ Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձեւերում արտահայտված սկզբունքները, որոնց համաձայն՝ Կիպրոսի հիմնահարցի կարգավորումը պետք է հիմնվի երկհամայնք, երկզոնալ դաշնային կառույցի վրա՝ մեկ ընդհանուր իշխանությամբ եւ մեկ քաղաքացիությամբ:
Գալուստ Սահակյանը խոսել է նաեւ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի եւ այդ երկրի իշխանության կողմից վարվող անառողջ քաղաքականության մասին:
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել հայկական պատվիրակությանը Կիպրոս այցելելու եւ կիպրացիներին մշտապես սատարելու համար:
Յանակիս Օմիրուն նշել է, որ Կիպրոսը մշտապես կաջակցի եղբայրական Հայաստանին միջազգային կառույցներում, ինչպես նաեւ Եվրոպական միությունում կլինի Հայաստանի բարեկամն ու աջակիցը:
Հանդիպման ավարտին երկու երկրների խորհրդարանների ղեկավարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
824 դիտում
15:27 26-05-2015
Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի խոսնակի հետ
8065 դիտում
18:20 02-02-2017
Ճապոնիայում Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հերոշիմայի քաղաքապետի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1371 դիտում
15:33 07-05-2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կմեկնի ԼՂՀ
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»