824 դիտում
15:27 26-05-2015
Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի խոսնակի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը, Ռուզաննա Մուրադյանը, Արտակ Զաքարյանը, Թեւան Պողոսյանը, Իշխան Խաչատրյանը, Հրանտ Բագրատյանը, Լյովա Խաչատրյանը եւ Աղվան Վարդանյանը, մայիսի 26-ին Կանադայի խորհրդարանում հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի խոսնակ Էնդրյու Շիրի հետ:
Գալուստ Սահակյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար, վստահություն է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության այցը բարեկամ երկիր՝ Կանադա, կնպաստի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը եւ նոր շունչ կհաղորդի միջպետական կապերի խորացմանն ու ամրապնդմանը:
Խոսելով երկու երկրների խորհրդարանական համագործակցության մասին՝ Ազգային ժողովի նախագահը նկատել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հարաբերությունների օրակարգը դարձել է առավել ընդգրկուն՝ ներառելով համագործակցության տարբեր ոլորտներ: ԱԺ նախագահը փաստել է, որ հայ-կանադական հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը կարեւոր տեղ է զբաղեցնում. Հայաստանը մեծ նշանակություն է տալիս դրանց զարգացմանը՝ որպես միջպետական հարաբերությունների կարեւոր բաղկացուցչի:
Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել կանադական կողմին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի բարձրացմանը հետեւողականորեն աջակցելու համար: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում իրականացված միջոցառումների եւ Կանադայի՝ այդ միջոցառումներին մասնակցելու մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ դա հայ ժողովրդի եւ միջազգային հանրության համար կարեւոր է ոչ միայն եւս մեկ անգամ պատմական փաստերը բարձրաձայնելու, այլեւ նմանօրինակ հանցագործություններին «այլեւս երբեք» ասելու առումով:
ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր խորին երախտագիտությունն է հայտնել նաեւ Կանադա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարին՝ «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում ելույթով հանդես գալու համար:
Գալուստ Սահակյանն իր երախտիքի խոսքն է հայտնել Կանադայի Համայնքների պալատի նախագահին՝ Ապրիլի 24-ը Կանադայում Հայոց ցեղասպանության օր հռչակող բանաձեւի ընդունման համար:
ԱԺ նախագահը փաստել է, որ ՀՀ Ազգային ժողովը նախաձեռնել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության միջխորհրդարանական պլատֆորմ:
Նա նշել է. «Մենք կոչ ենք անում բոլոր երկրների խորհրդարանների ներկայացուցիչներին իրենց մասնակցությունն ունենալ այս պլատֆորմի ձեւավորմանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գլոբալ աղետներից եւ վտանգներից երկիրը զերծ պահելը պատգամավորական մանդատի բաղկացուցիչներից է»:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ Գալուստ Սահակյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ խնդիրը խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորելու մոտեցումը:
Կանադայի Համայնքների պալատի խոսնակ Էնդրյու Շիրը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Կանադա այցելելու համար եւ նշել, որ կարեւորում է նման հանդիպումները պաշտոնյաների միջեւ. համագործակցությունը կզարգանա նման հանդիպումներով եւ երկխոսությամբ: Նա կարեւորել նաեւ համագործակցությունը Հայաստանի հետ եւ նշել, որ ջանք չեն խնայի խաղաղության վերջնական հաստատման համար:
Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան:
Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի կանադական գործադիր կոմիտեի անդամների հետ: Հանդիպման ընթացքում խոսվել է Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին լիիրավ անդամակցելու մասին, որը ձեռք է բերվել վերջերս նաեւ կանադական կողմի աջակցությամբ: Քննարկվել է նաեւ 2015 թվականի հոկտեմբերին Երեւանում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի անցկացման հարցը:
Զրուցակիցները խոսել են Կանադայի հայ համայնքի մասին, որը, ըստ կանադական կողմի, օրինակելի համայնք է եւ մեծ ներդրում ունի երկրում ամենատարբեր ծրագրերի իրականացման գործում:
Նմանատիպ նյութեր
816 դիտում
12:11 03-04-2015
Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Յանակիս Օմիրուի հետ. լուսանկարներ
8065 դիտում
18:20 02-02-2017
Ճապոնիայում Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հերոշիմայի քաղաքապետի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2852 դիտում
15:56 06-07-2018
Արա Բաբլոյանը Քվեբեկում հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի նախագահի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
829 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
661 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
769 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված