211652_close_icon
views-count1596 դիտում article-date 18:28 07-04-2015

Երիտասարդական նվագախմբի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ հանրությանը ներկայացվում է բարձրարժեք մշակույթ

Ապրիլի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ներկայացրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Երիտասարդական նվագախմբի միջեւ համագործակցությունը, առաջիկա ծրագրերը։ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երիտասարդական նվագախմբի վաղեմի բարեկամն է, եւ իր աջակցությամբ մշտապես սատարում է նվագախմբի բոլոր նախաձեռնություններին։ Սերտ համագործակցության շնորհիվ կյանքի են կոչվել նորարարական նախագծեր, Հայաստան են հրավիրվել մեծանուն երաժիշտներ։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ գործընկերության շնորհիվ նվագախումբը՝ որպես մշակութային դեսպան, հնարավորություն է ունեցել ոչ միայն համագործակցել ժամանակակից երաժշտարվեստի մեծ վարպետների հետ, այլեւ հայկական մշակույթը եւ հայ կատարողական դպրոցի ձեռքբերումները ներկայացրել է արտասահմանյան բեմերում։ «Մենք ուրախ ենք, որ կանգնած ենք այնպիսի երիտասարդ նվագախմբի կողքին, որը կարողանում է իր տաղանդը ներկայացնել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում: Հաճելի է տեսնել այն ոգեւորությունը, նվիրումը եւ բարձր որակ ստանալու ձգտումը, որով աշխատում է նվագախումբը: Անշուշտ, դրանով են պայմանավորված կոլեկտիվի հաջողությունները Հայաստանում եւ արտասահմանում»,- ասաց Ռ. Յիրիկյանը՝ ավելացնելով, որ փորձում են հնարավորինս աջակցել, որ երիտասարդ երաժիշտները հայրենիքում մնալու եւ իրենց մասնագիտական ոլորտում լիարժեք ինքնարտահայտվելու ու կայանալու հնարավորություն ունենան։ «Արվեստը մշտապես աջակցության կարիք ունի։ Բարձրարժեք մշակույթը հանրությանը հասցնելու գործում մենք միշտ զգում ենք մեկենասների կարիքը։ Հայաստանում այդ առաքելությունը ստանձնել են ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Ռալֆ Յիրիկյանը։ Իրենց շնորհակալ գործունեությամբ տարիներ շարունակ նրանք ապահովում են բարձր արժեքների տարածումն ու զարգացումը»,- նշում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ Երիտասարդական նվագախումբը, կիրառելով նորագույն տեխնոլոգիաները, հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ ներդրեց դասական երաժշտության համերգների առցանց հեռարձակման մշակույթը, ինչի շնորհիվ դասական արվեստին հաղորդակից են դառնում ոչ միայն համերգասրահի սահմանափակ թվով հանդիսականներ, այլեւ բազմահազարանոց երաժշտասերներ աշխարհի տարբեր ծայրերից։ Սերգեյ Սմբատյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Երիտասարդական նվագախմբի մասնակցությանը։ Նա, մասնավորապես, նշեց, որ ապրիլի 8-ին նվագախումբը հանդես կգա 100-րդ տարելիցին նվիրված համերգով՝ ներկայացնելով Գուստավ Մալերի Սիմֆոնիա թիվ 6 «Ողբերգական»։ Սերգեյ Սմբատյանը խոսեց նաեւ «24/04 Orchestra» նվագախմբի մասին։ Մաեստրո Սմբատյանի տեղեկացմամբ, Հայաստան կգա ավելի քան 40 երկրի մոտ 100 երաժիշտ եւ միանալով հայ գործընկերներին՝ ապրիլի 24-ին՝ ժամը 20.15-ին, Հանրապետության հրապարակում հանդես կգան բացառիկ համերգով։ Աննախադեպ ձեւաչափով այս համերգը ղեկավարելու են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին։ Հայաստան են գալու աշխարհի լավագույն նվագախմբերի երաժիշտները։

Նմանատիպ նյութեր