3558 դիտում
11:32 09-04-2015
«Վերածնունդ» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հայրենական մեծ հաղթանակի 70-ամյակին
Հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո, 2009 թվականից ի վեր, ամեն տարի Գյումրիում անցկացվում է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը:
Այս տարի «Վերածնունդ» մրցույթ-փառատոնն անցկացվում է «Ընդդեմ ցեղասպանության, ընդդեմ պատերազմների» խորագրի ներքո և նվիրվում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70 ամյակին:
Մրցույթ-փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Կազմակերպիչներն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպությունը:
Մշակութային այս նախաձեռնության հիմնական նպատակն է խթանել դասական և ազգային երաժշտության հանրահռչակումը, տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների միջև զարգացնել ստեղծագործական ու բարեկամական կապերը, օտարազգի արվեստագետներին հաղորդակից դարձնել Հայոց պատմությանն ու մշակութային ժառանգությանը: Փառատոնը պատանիներին և երիտասարդներին ընձեռում է ինքնադրսևորման, սեփական ունակությունները ճանաչելու, կատարողական վարպետությամբ մրցելու հնարավորություն:
Այս տարի մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել 2800 երաժիշտ-կատարողներ, որոնցից 700-ը 36 երկրից՝ ԱՄՆ, Անգլիա, Ավստրիա, Բելգիա, Բելառուս, Գերմանիա, Եգիպտոս, Եմեն, Էստոնիա, Թայվան, Թուրքմենիա, Իսպանիա, Իտալիա, Իրան, Իրաք, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Լիբանան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Մոնղոլիա, Շվեյցարիա, Չինաստան, Ռուսաստան, Սերբիա, Սիրիա, Սուդան, Վրաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ֆրանսիա: Վերոնշյալ երկրների ներկայացուցիչներից բացի, փառատոնին կմասնակցեն նաև Հայաստանի, Արցախի և Ջավախքի պատանիներն ու երիտասարդները:
Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա 2015 թ. ապրիլի 15-ին, ժամը 16:00-ին, Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Երաժշտական մրցույթները կանցկացվեն ապրիլի 11-ից մայիսի 20-ը, Գյումրիի մշակութային և ուսումնական հաստատություններում:
Մրցույթ-փառատոնը բաղկացած է 14 անվանակարգերից՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ժողովրդական գործիքներ, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, ակադեմիական երգեցողություն, երգչախումբ, երաժշտական թատրոն, էստրադային երգեցողություն, հեղինակային երգ, էստրադային-ջազային անսամբլ, կոմպոզիցիա, ազգային երգեցողություն:
Ժյուրիների կազմում ընդգրկված են արվեստի 85 ճանաչված գործիչներ՝ աշխարհի 20 երկրներից: Նրանց թվում են հանրահայտ երաժիշտներ՝ Ղազախստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Լակի Կեսօղլուն, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Եկատերինա Շոտտը (Գերմանիա), ՀՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը, Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջի պրոֆեսոր Յուրի Ժիսլինը, վիրտուոզ կիթառահար Մարկո Մինան (Իտալիա), Աբայի անվան օպերայի և բալետի մեներգիչ, պետական մրցանակի դափնեկիր Շահիմարդան Աբիլովը, Էստոնիայում սաքսոֆոնահարների դպրոցի հիմնադիր, դոկտոր, պրոֆեսոր Օլավի Կաասեմաան, անվանի կլարնետահար, միջազգային մրցույթների դափնեկիր Ջուլիան Միլկիսը (ԱՄՆ), միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Եվգենի Բրախմանը (ՌԴ), ժողովրդական արտիստ, անվանի ջութակահար Միխայիլ Գանտվարգը (ՌԴ), ՌԴ ժողովրդական արտիստ, անվանի երգեհոնահար Ռուբին Աբդուլինը, օպերային ռեժիսոր, պրոֆեսոր Ժանեթ Աստերը (Ֆրանսիա) և ուրիշներ:
41 ենթաանվանակարգերի 5 տարիքային խմբերում I, II, III կարգի դափնեկրի կոչման կարժանանա 690 մասնակից, իսկ 14 անվանակարգերում բացարձակ հաղթողները կարժանանան «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի բարձրագույն պարգևին՝ Մեծ մրցանակին: Մյուսները կստանան տարբեր խրախուսական դիպլոմներ, այդ թվում՝ «Հայ կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարող», «Մասնագիտական հանձնաժողովի խրախուսական», «Բեմական հմայք», «Ազգային երգի լավագույն կատարող» և այլն:
Փառատոնի օրերին ժյուրիի բոլոր անդամները և նշանավոր երաժիշտները մասնակիցների համար վարպետության դասեր կանցկացնեն Երևանում և Գյումրիում:
Ապրիլի 13-23-ը մենահամերգներով հանդես կգան դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Վալերիան Շիուկաշվիլին (Վրաստան), ջութակահարներ Յուրի Ժիսլինը (Անգլիա) և Եկատերինա Շոտտը (Գերմանիա), երգիչներ Շահիմարդան Աբիլովը (Ղազախստան) և Մագդա Մկրտչյանը (Հայաստան), ջազմեններ Վալերի Գրախովսկին և Սերգեյ Մանուկյանը (ՌԴ), կլարնետահար Սեմյոն Դուժան (Մոլդովա), Ռուսաստանի Դաշնության Օսիպովի անվան ազգային գործիքների ակադեմիական պետական նվագախումբը: Իսկ ՌԴ ժողովրդական արտիստներ` երգեհոնահար Ռուբին Աբդուլինը և ջութակահար Միխայիլ Գանտվարգը, համերգով հանդես կգան Գյումրիի Սբ Յոթ Վերք եկեղեցում:
Փառատոնի շրջանակներում կանցկացվի «Մշակույթների երկխոսություն» միջազգային 9-րդ գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին։ Կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ գիտնականներ Հայաստանից և արտերկրից: Ներկայացված գիտական զեկուցումները կհրատարակվեն առանձին ժողովածուով:
Մրցույթ-փառատոնի մասնակիցները և հյուրերը կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, կծանոթանան Շիրակի մարզի (Հառիճ, Սառնաղբյուր, Մարմաշեն) պատմամշակութային հուշարձաններին, կայցելեն Երևան և Էջմիածին:
«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի ինֆորմացիոն գլխավոր հովանավորն է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, հովանավորը՝ Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերությունը:
Ս. թ. ապրիլի 8-ին, ժամը 12:00-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում՝ Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ, ազգային բարերար Գաբրիել Ջեմբերջյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, մրցույթ-փառատոնի հիմնադիր և համանախագահ Կարինե Ավդալյանը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, գնահատելով երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի նշանակությունը մեր երաժշտական աշխարհում, նկատեց. «Այս տարի «Վերածնունդն» ընդգծված խորհուրդ ունի` նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին: Փառատոնը ստուգատես է, որի ընթացքում տարբեր երկրների երաժիշտներ միմյանց հետ համեմատվում են իրենց կատարողական ունակություններով, փորձ են ձեռք բերում և գնահատվում արվեստի աշխարհում մեծ համարում ունեցող մասնագետների կողմից: Մի քանի օր առաջ հանրապետության նախագահի հետ ունկնդրում էինք «Նոր անուններ» փառատոնի մասնակիցների ելույթները: Մեծ հպարտություն ապրեցինք. մասնակիցներին ներկայացնելիս հաճախ էր նշվում, որ նրանք «Վերածնունդ» փառատոնի դափնեկիր կամ մրցանակակիր են: Երբ որևէ երաժիշտ հայտ է ներկայացնում` մասնակցելու օտարերկրյա միցույթների, նախ և առաջ կարևորվում է` արդյոք նա հանարապետական մրցույթներին հաջողություն ունեցել է: «Վերածնունդը» երաժշտի կատարողական վարպետությունը գնահատելու չափանիշ է:
Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ, ազգային բարերար Գաբրիել Ջեմբերջյանի գնահատմամբ` «Վերածնունդ» փառատոնը տարեցտարի ընդլայնում է աշխարհագրությունը և միջազգայնորեն առավել ճանաչված դառնում:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանի դիտարկմամբ, արտերկրի մասնակիցների` Գյումրիի փառատոնին ներկայանալու պատրաստակամությունը պայմանավորված է այդ քաղաքի ջերմությամբ և հատկապես` մարդկանց հետ շփվելու նրանց ցանկությամբ. այսօր, իրավամբ տարբեր ազգերի ներկայացուցիչներ հաճույքով են գալիս և մասնակցում փառատոնին:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանի խոսքով` փառատոնի մասնակիցներն օրինաչափորեն դառնում են իր ղեկավարած բուհ-ի ուսանող, իսկ հետագայում նաև` մի շարք միջազգային հեղինակավոր մրցույթներից վերադառնում հաղթանակներով:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԵՊԿ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, մրցույթ-փառատոնի հիմնադիր և համանախագահ Կարինե Ավդալյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ մշակույթի նախարարությանը` «Վերածնունդ» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնին` ստեղծման իսկ օրից աջակցելու և ընդլայնմանը նպաստելու համար: Կարինե Ավդալյանը բարձր է գնահատել նաև Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի դերը փառատոնի կայացման գործում: Կարինե Ավդալյանի բնորոշմամբ` մեծ են եղել նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանի ջանքերը` փառատոնում ԱՊՀ անդամ երկրների և հատկապես Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների ընդգրկման գործում: «Շնորհիվ աջակիցների ջանքերի` հանրապետության մարզերում խթանվում է մշակույթի զարգացումը»,- նշել է մրցույթ-փառատոնի հիմանդիր-համանախագահը:
Նմանատիպ նյութեր
2517 դիտում
15:52 19-02-2015
«Վերածնունդ». Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից