211652_close_icon
views-count812 դիտում article-date 15:18 13-04-2015

Տեղի է ունեցել ՏԿԱԻՆ ամենշաբաթյա խորհրդակցությունը

Ապրիլի 13-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը: Խորհրդակցության սկզբում նախարարն անդրադարձավ համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի գործարկման շրջանակներում կատարած աշխատանքային այցին: Նախարարը կրկին փաստեց, որ սահմանամերձ համայնքները մշտապես ուշադրության կենտրոնում են, արվում է հնարավոր ամեն բան՝ բնակչության խնդիրներին լուծում տալու համար: ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը զեկուցեց միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երրորդ նիստի ընթացքի և արդյունքների մասին: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 274 դեպքի: ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: Ծառայության պետը հաղորդեց, որ հանրապետության տարածքում կշարունակվեն գարնանային տեղումներ, սակայն ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա: ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Ընդհանուր առմամբ՝ հակակարկտային կայաններից արձակվել է 3000-ից ավել կրակոց: «Հայաստանի ազգային արխիվի» տնօրեն Ա. Վիրաբյանը զեկուցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսների կազմակերպման մասին: Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրեց շաբաթվա ընթացքում ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների և ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները: ՏԿԱԻ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության նախագահ Լ. Մելիքյանը զեկուցեց Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում նախարարության հանգստյան տան ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին: Հանգստյան տունը, որի շինարարական և կահավորանքի աշխատանքները նախատեսվում է ավարտել հնարավորինս սեղմ ժամկետներում, հնարավորություն կընձեռի կազմակերպել նախարարության բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցների և նրանց երեխաների հանգիստը: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։ Զեկուցվեց նաև մարզերում անցկացվող ուսումնավարժանքների, ջրատարերի մաքրման աշխատանքների մասին:

Նմանատիպ նյութեր