912 դիտում
10:54 15-04-2015
Հայոց ցեղասպանության թեման հայկական ու արտասահմանյան ԶԼՄ-ներում. Ապրիլի 14-ի դիտարկում
Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարևորագույն իրադարձություններն ու հրապարակումները՝ ArmenianGenocide100.org-ի օրվա ամփոփմամբ:
Հայոց ցեղասպանության մասին ապրիլի 12-ին Հռոմի պապի հայտարարությունից հետո, երբ թուրքական իշխանությունները իրենց դժգոհությունն էին հայտնել Վատիկանին և այնտեղից հետ էին կանչել իրենց դեսպանին, Ֆրանցիսկոս պապը նոր պատարագի ընթացքում պատասխանել է այդ բողոքներին: «Եկեղեցու ուղին անկեղծությունն է: Այն պետք է ազատ խոսի: Դա ապացուցում է Քրիստոսի Հարությունից հետո Սուրբ առաքյալների վարած կյանքը։ Չկա այլ ճանապարհ, քան ասել ճշմարտությունը, նույնիսկ՝ դառը: Սուրբ հոգին ի վիճակի է փոխել մեր կյանքը և համարձակություն ու քաջություն տալ», – ասել է Pապը:
Ապրիլի 14-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն միաձայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունել։ Բանաձևը, մասնավորապես, Դատապարտում է նման գործողությունների, ինչպես նաև՝ այլ ցեղասպանությունների ծանրության նվազեցումը կամ ժխտումը, և կոչ է անում միջազգային հանրությանը՝ կանխելու մարդկության դեմ հանցագործություններն աշխարհի ցանկացած հատվածում և վեճերը կարգավորելու խաղաղ միջոցներով:
Իսրայելցիների նախաձեռնող խումբը ստորագրահավաք է սկսել` կոչ անելով Թել Ավիվին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ցեղասպանության փաստն անգամ փոքր կասկածի տեղ չի թողնում, ավելին, հենց իսրայելցի գիտնականներն են առաջինը սկսել այն ուսումնասիրել: Նույնիսկ «ցեղասպանություն» տերմինը շրջանառության մեջ է դրել հրեա Ռաֆայել Լեմկինը` բնորոշելու համար հայերի զանգվածային կոտորածն Օսմանյան կայսրությունում և հրեաների ջարդերը նացիստական Գերմանիայի կողմից գրավված տարածքներում», – մասնավորապես, նշվում է հայտարարությունում:
The Huffington Post պարբերականում Ջեյմս Զոգբիի գրում է, որ սխալ է զոհ դարձած ազգերին կոչ անել «մոռանալու այն»: «Հաշտեցումը ճանաչում և արդարադատություն է պահանջում: Ինչպես Իսրայելի դեպքում ենք ճանաչում և փոխհատուցում պահանջում, այդպես էլ պետք է անենք հայ ժողովրդի համար», – նշում է հեղինակը:
Շառլ Ազնավուրը հայտարարել է, որ կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը: Շանսոնյեն անդրադարձել է նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությանը՝Հայոց ցեղասպանության վերաբերյալ: «Հռոմի պապի հայտարարությունը կարող է շատ բան փոխել և պիտի փոխի, հակառակ դեպքում՝ թուրք երիտասարդությունը կըմբոստանա, որովհետև կցանկանա իմանալ իրականությունը, չի ցանկանա բանտարկված մտքով ապրել», – ասել է նա:
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: ԵԽԽՎ նախագահը ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը:
Պապի համարձակ հայտարարությունը համապատասխանում է նրա փիլիսոփայությանը, գրում է BBC-ն: «Այն, որ Ֆրանցիսկոս Պապը կենտրոնացավ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած պետության՝ Հայաստանի ուղղությամբ, ևս մեկ հիշեցում է Արեւելյան Եվրոպայում և Մերձավոր Արեւելքում Կաթոլիկ եկեղեցու խորը արմատների մասին»:
Եվրախորհրդարանն ապրիլի 15-ին, իր լիագումար նիստում կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը: Հիշեցնենք, որ մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցով 2013-ի զեկույցը, որի որոշակի պարբերություններ վերաբերում են Հայաստանին: Մասնավորապես, փաստաթղթում կա հատված, որը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կոչ է անում ԵՄ անդամ երկրներին ճանաչել Ցեղասպանությունն ու խրախուսում է ԵՄ կառույցներին՝ նպաստել այդ գործընթացին»:
Ամերիկահայ երգչուհի Շերը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Զայրույթ չեմ զգում և չեմ ցանկանում մեղադրել Թուրքիայի ժողովրդին մի բանի համար, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ, բայց կարծում եմ, որ այդ երկրի Կառավարությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- գրել է երգչուհին:
Նմանատիպ նյութեր
2191 դիտում
23:13 28-04-2019
Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները լայն արձագանք են ստացել ուկրաինական ԶԼՄ-ներում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այս բաժնից
985 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
700 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1060 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»