211652_close_icon
views-count907 դիտում article-date 15:46 25-04-2015

ՀՀ նախագահն ընդունել է «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության ներկայացուցիչներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության ներկայացուցիչներին: Հանրապետության Նախագահը ողջունել է տասնվեց երկրից Հայաստան ժամանած մոտ հիսուն երիտասարդներին, ովքեր այս օրերին Երևանում մասնակցում են կազմակերպության խորհրդի հավաքին, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Կազմակերպության նախագահ Խավիեր Հուրտադո Միրան հանդիպման ժամանակ բանաձևը փոխանցել է Հանրապետության Նախագահին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր համար շատ կարևոր է մշտապես շփվել երիտասարդական շրջանակների հետ, որովհետև դա լավ հնարավորություն է ծանոթանալու առաջնորդների նոր սերնդի հետ: «Վստահ եմ՝ կանցնի որոշ ժամանակ, և ձեզնից շատ-շատերին կտեսնենք եվրոպական կարևոր հարթակներում լուրջ հարցեր քննարկելիս: Գիտեմ, որ ընդունել եք Ցեղասպանությունը դատապարտող բանաձև, ինչի համար և՛ ուրախ եմ, և՛ շնորհակալ: Շնորհակալ եմ, որովհետև այդ խնդիրը հայ ժողովրդի համար՝ Հայաստանում ապրող և աշխարհի բոլոր ծայրերում, շատ կարևոր է: Ուրախ եմ, որովհետև երիտասարդ սերունդն էլ է շատ լավ պատկերացնում, թե ինչի կարող է հանգեցնել անպատժելիությունը, անտարբերությունը և ուրախ եմ, որ դուք կարևորում եք ապրել ցեղասպանություններից, մարդկության դեմ հանցագործություններից զերծ աշխարհում: Դա չափազանց կարևոր է: Վաղը, երբ դուք կլինեք ղեկավարներ, հիշե՛ք, որ Երևանում ընդունել եք շատ կարևոր բանաձև և հավատարի՛մ մնացեք ձեր համոզմունքին»,-երիտասարդներին ուղղված խոսքում ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահը ցավով է նշել, որ աշխարհում, այդ թվում ՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ նման հանցագործությունների վտանգ դեռևս գոյություն ունի, և դրա դեմ պայքարն այսօր էլ արդիական է: Երիտասարդները Նախագահ Սերժ Սարգսյանին վստահեցրել են, որ այդ պայքարում իրենք էլ, ինչպես այս օրերին Հայաստան ժամանած բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր կազմակերպությունների և տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ, հայ ժողովրդի կողքին են, և իրենց աջակցությունը շատ ազնիվ ու անկեղծ է: Հանդիպման ընթացքում Նախագահը պատասխանել է «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայոց ցեղասպանությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Հայաստանի եվրոպական օրակարգին, ինչպես նաև միջազգային արդի մարտահրավերներին, դրանք համատեղ հաղթահարելու հնարավորություններին և մի շարք այլ թեմաների:

Նմանատիպ նյութեր