1292 դիտում
19:42 25-04-2015
Ցեղասպանության թեման այլափոխելու մեթոդներ. «համատեղ ցավի» և «արդար հիշողության» թեզերը
Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը տասնամյակներ շարունակ դրսևորվել է բոլոր հնարավոր միջոցներով և եղանակներով: «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ իշխանության գալուց և նորօսմանականության՝ որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ առանցքային ուղղության ի հայտ գալուց հետո (ինչպես նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի խորացմանը զուգահեռ) ժխտողական քաղաքականությունը նոր երանգներ ստացավ: «Հայաստանի Հանրապետություն» թերթի սյունակագիր Էդգար էլբակյանն իր հոդվածում անդրադարձել է այդ խնդիրներին: Այն ներկայացնում ենք ստորև:
Ցեղասպանության հարցում՝ թե՛ որպես պատմական թե՛ որպես քաղաքական բաղադրիչ, առանցքայինն այն է, որ օսմանյան դարավոր լծի վերջնափուլում հայ ազգը փորձեց ինքնակազմակերպվել նախկինում հպատակ մյուս ժողովուրդների օրինակով ինքնորոշվել, ինչը կանխելու համար թուրքերը գործադրեցին զանգվածային ցեղասպանության քաղաքականություն։ Այսպիսով, սա այն հիմնական կողմնորոշիչ առանցքն է, որի շուրջ կարող է ծավալվել Ցեղասպանության մասին այս կամ այն քննարկում կամ դիսկուրս։ Մնացյալ պատում—նարատիվները, որպես կանոն՝ կա՛մ լրացնող են, կա՛մ կեղծ։ Ստոր կքննարկենք դրանցից մի քանիսը։
«Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գաղափարախոսության առանցքային ուղղություններից մեկը նորօսմանականությունն է։ Այդ հղացքի տեսականացման հարցում առաջին ջութակի դերը պատկանում է ներկայիս վարչապետ Ահմեդ Դավութօղլուին։
Նորօսմանականությունը Թուրքիայի երկրաքաղաքականության ձավորման հիմքում տեսնում է օսմանյան անցյալն ու ժառանգությունը որպես իդեալ է դիտարկում նախկին օսմանյան տարածքներում Թուրքիայի վերածնվելիք առաջնորդական ազդեցությունը։ Նորօսմանականության պաշտպանները խստիվ քննադատում են նախկինի ազգայնական-քեմալական հայեցակարգերը, որոնց հետանքով Թուրքիան օտարվել է իր անմիջական հարանությունից, հատկապես Մերձավոր Արելքից։ Նորօսմանականները, ընդհակառակը, համարում են, որ Թուրքիան պետք է ակտիվ կերպով ներգրավված լինի այն բոլոր տարածաշրջանային եղելություններում, որոնցում ժամանակին առկա է եղել «օսմանյան հետքը»։
Հենց այս տրամաբանությամբ էլ հայերի դեմ իրականացված ցեղասպանության հարցում Թուրքիայում նկատվեց դիսկուրսի փոփոխություն։ Եթե քեմալական գաղափարախոսության տիրապետության օրերին Ցեղասպանության հարցում մոտեցումը միանշանակ մերժողական էր, դա պայմանավորված էր նաե՛ւ այն հանգամանքով, որ Թուրքիայի Հանրապետությունը հիմնած քեմալականների մի զգալի մասը ցեղասպանությանը մեղսակից նախկին իթթիհատականներ էին, ապա արդեն ԱԶԿ իշխանության տարիներին, հավատարիմ նախկին օսմանյան արեալը «ընդգրկելու» ռազմավարությանը, փորձեր ձեռնարկվեցին համաօսմանյան պատմական տիրույթում տեղավորել այսպես ասած՝ օսմանականացնել նա Հայկական հարցը, այդ թվում՝ Ցեղասպանության պատմությունը։
Այսպես, գիտահրապարակախոսական շրջանակներում առաջ քաշվեց «համատեղ ցավի» գաղափարը։ Վերջինս կառուցված է նրա վրա, որ Առաջին աշխարհամարտի տարիներին տուժել են ոչ միայն հայերը, այլ մյուս փոքրամասնությունները, ինչպես նա թյուրք-մահմեդական բնակչությունն առհասարակ, հետաբար անարդար է, որ «Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրելու քաղաքական նպատակադրումներով առանձնացվում շահարկվում է միայն հայերի ցավը»։ Ուշագրավ է, որ այս օրերին հենց այս թեզն է առաջ տանում թուրքական դիվանագիտությունը՝ ջանալով անվանարկել Հռոմի պապի ելույթը Ցեղասպանության հարցով վերջինիս մեղադրել «մահմեդականների ցավն անտեսելու» մեջ։ Նկատենք, որ «համատեղ ցավի» մասին թեզը լիովին համահունչ է նորօսմանականության գաղափարախոսությանը, քանզի սրանով Ցեղասպանության եղելությունը կամ թուրքական եզրութաբանությամբ ասած՝ «1915-ի դեպքերը» տեղավորվում են ոչ թե Օսմանյան կայսրություն-հայ ազգ ուղղահայաց հարաբերության տիրույթում՝ դրանից բխող թուրքական մեղսակցության շեշտադրմամբ, այլ Օսմանյան կայսրության քաղաքացիներ-հայ ազգ հորիզոնական առանցքում՝ յուրօրինակ հավասարության նշան դնելով բոլոր ազգերին պատուհասած դժբախտությունների միջ՝ առանց սակայն մեղավորության սուբյեկտի հստակ մատնանշման։
Հրապարակախոսական շրջանակներում մշակված այս թեզին նախորդ տարվա մայիսին լրացնելու եկավ Ահմեդ Դավութօղլուի՝ «արդար հիշողության» գաղափարը։ Իր «Թուրք-հայկական հարաբերություններն ապաօսմանականացման «պատմությունից խզման» գործընթացում. հնարավո՞ր է արդյոք արդար հիշողություն» ծավալուն հոդվածում Դավութօղլուն պնդում է, որ Օսմանյան կայսրությունից առանձնացող ազգերի վերնախավերն այդ երկրների պատմական հիշողության հիմքում դրել են հակաօսմանական տրամադրություններ՝ այդպիսով իսկ շատ հաճախ միակողմանիորեն փոփոխելով օսմանյան բազմադարյան պատմության ժամանակակից մեկնությունն ու ընկալումը։ Կոնկրետացնելով սա թուրք-հայկական հարաբերությունների օրինակի վրա՝ Դավութօղլուն կրկնում է դեռ օսմանյան շրջանում հորինված՝ հանրապետական Թուրքիայի պաշտոնական պատմագրությանն անցած այն թեզը, թե հայերը տական դարեր ապրել բարգավաճել են Օսմանյան կայսրության կազմում, որտեղ նրանց հնարավորություն է տրվել զարգացնելու սեփական գիրը, մշակույթը, դավանանքը, եկեղեցին, որ ըստ այդմ՝ «արդար հիշողություն» չէ միայն «1915—ի դեպքերը» դնել հայ-թուրքական պատմական հիշողության կենտրոնում՝ այսպես ասած «ուրանալով» նախընթացը։
Փորձենք հասկանալ, թե իրականության հետ ինչքանով առնչություն ունեն այս երկու՝ միմյանց հետ փոխշաղկապված թեզերը։
Առիթ ունեցել ենք նշելու, որ ցեղասպանության հարցում հիմնական պատումը թուրքական օսմանյան պետության կողմից հայ ազգի կանխամտածված և համակարգված ցեղասպանությունն է, և որ մնացյալ թեմաներն ու արծարծումները ստորադաս են սրան։ «Համատեղ ցավի» պարագայում ստացվում է, որ զոհը և հանցագործը դիտարկվում են մեկ հարթության մեջ։ Այո՛, գաղտնիք չէ, որ, ինչպես և ամեն պատերազմող երկիր, Օսմանյան կայսրությունը նույնպես ծանր սոցիալ—տնտեսական և հումանիտար կացության մեջ էր գտնվում աշխարհամարտի օրերին։ Սակայն երբեք չի կարելի համեմատել ազգային պատկանելության հիմքի վրա սովամահության դատապարտված հայ երեխային և դիցուք՝ պատերազմում հոր զոհվելու հետևանքով քաղցից մահացած թուրք երեխային՝ մի պարզ պատճառով, որ առաջին դեպքում մենք գործ ունենք պետականորեն կազմակերպված հանցագործության հետ, իսկ երկրորդ դեպքում՝ զուտ մարդկային տեսանկյունից՝ դժբախտ պատահարի, իսկ իրավական ձևակերպմամբ՝ ռազմական գործողությունների հետևանքով անուղղակի քաղաքացիական կորստի։ Տրամաբանական է, որ պատերազմն ազդեցություն է թողնում կռվող երկրների տարածքում գտնվող բնակչության վրա, սակայն հայերիս կրած կորուստները լրիվ այլ դաշտում են և համադրելի չեն թյուրքախոս մահմեդական բնակչության զրկանքների հետ։
Ինչ վերաբերում է «արդար հիշողության» գաղափարին, ապա պետք է նշենք, որ պատմության լավ իմացությունը Դավութօղլուին բավականին մեծ հնարավորություն է տալիս փաստերի «տեղադրումով» և մանիպուլյացիայով զբաղվելու։
Նրա հոդվածում այնպիսի փաստեր, ինչպիսիք են 15-րդ դարում սուլթանի հովանավորությամբ Կ. Պոլսում հայոց պատրիարքարանի հիմնումը, օսմանյան պետական ապարատում և մշակույթի ու գիտության ոլորտում հայազգի առանձին գործիչների հաջողությունները, կտրվելով համաշարից՝ ներկայացվում են որպես Օսմանյան կայսրության կողմից հայ ազգի համախմբմանն ու զարգացմանը միտված համակարգային քայլեր։ Այս պնդումը կեղծ է այնքանով, որ կարևորում է առանձին միավորները, ասել է թե՝ պատմական դրվագները և վայրը՝ Կ. Պոլիսը՝ զանց է առնվում ամբողջը և էականը, այսինքն՝ բուն Հայաստանում ապրող հայության նկատմամբ Օսմանյան կայսրության և հանրապետական Թուրքիայի՝ դարերով վարած դուրսմղման, ձուլման, կրոնափոխության և ժողովրդագրական տեռորի քաղաքականությունը։ Հենց այդ հանցագործության հանրագումարն էր Ցեղասպանության՝ 1915 թ. սկսված վերջին արարը։ Եվ լիովին օրինաչափ է, որ հայության ազգային պատմական հիշողության և նաև պետական քաղաքականության մակարդակներում տիրապետողը հենց այդ քաղաքականության վերհուշն ու դրա քաղաքական հետեւանքները հաղթահարելու ձգտումն են։
Ի վերջո, Գերմանիան երբեք չի փորձել ժխտել Հոլոքոստի փաստը՝ վկայակոչելով, որ 14-րդ դարի կեսերին հրեաներին իրավունք էր տրված դառնալու գերմանական բյուրգերներ՝ ազատ քաղաքացիներ։ Նույնպես և Թուրքիան չի կարող ժխտել ցեղասպանության և դրա համար պատասխանատվության փաստը՝ այն հիմքով, թե պոլսահայ Համբարձում Լիմոնջյանը ստեղծագործական գործունեության ազատություն է ունեցել, կամ որ Գաբրիել Նորատունկյանը ժամանակին եղել է կայսրության արտաքին գործերի նախարարը։ Այսպիսով՝ հայությանն ու անուղղակիորեն՝ վերջինիս իշխող շրջանակներին մեղադրելով «միակողմանի անարդար հիշողության» մեջ՝ Դավութօղլուն ինքն է զբաղվում պատմության «խմբագրմամբ»։
Կարող ենք արձանագրել, որ հանրապետական Թուրքիայի գոյության ամբողջ ընթացքում այդ պետությունը ջանում է ժխտել Ցեղասպանության փաստը՝ դրանով իսկ կասեցնելով փոխհատուցումներ տրամադրելու հարցը։ Միևնույն ժամանակ, սակայն, կախված իշխող գաղափարախոսությունների և վարչակարգերի փոփոխությունից՝ ձևափոխման են ենթարկվում նաև ժխտողականության մեթոդներն ու միջոցները։ Ինչպես տեսանք, նորօսմանները՝ Դավութօղլուի և Էրդողանի գլխավորությամբ, որդեգրեցին Ցեղասպանության հարցը որպես «թուրքական անցյալի ներքին խնդիր» ներկայացնելու ուղեգիծը՝ նպատակ ունենալով հարցը հանել Հայաստան -Թուրքիա միջպետական հարաբերությունների և նաև իրավապահանջության տիրույթից։ Ժխտողականության գործիքակազմի փոփոխություններն ու համալրումները լրացուցիչ անգամ պարտավորեցնում են ավելի աչալուրջ և հետևողական լինել դրանց վերհանման հարցում։
Նմանատիպ նյութեր
1430 դիտում
14:04 19-04-2020
«Ցավի նույնականացում, հիշողության գաղտնաբառը...». նվիրվում է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին
Այս բաժնից
907 դիտում
11:20 19-11-2024
Ովքե՞ր կօգտվեն տրանսպորտի սակագների արտոնություններից․ նախագիծ
667 դիտում
11:14 19-11-2024
Նորայր Շողիկյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական