211652_close_icon
views-count1912 դիտում article-date 23:05 25-04-2015

Ստամբուլի հայ համայնքի նշանավոր ներկայացուցիչը խոսել է Հայոց ցեղասպանության, Թուրքիայում ապրող հայերի վախերի և իր գերդաստանի պատմության մասին

Ստամբուլի հայ համայնքի նշանավոր ներկայացուցիչ Թադեոս Բեբեքը թուրքական «Բիանեթ» լրատվական կայքին տված հարցազրույցում խոսել է Հայոց ցեղասպանության, Թուրքիայում ապրող հայերի խնդիրների ու վախերի և իր գերդաստանի պատմության մասին։ Հարցազրույցում անդրադառնալով Մուսա լեռան հերոսամարտի պատմություններից մինչև «լավ» հարևան հայի խնդիրներին՝ Թադեոս Բեբեքը տողատակում փորձում է տալ Թուրքիայում ապրող հայերի խնդիրները, պատմում է նրանց վախերի մասին։ Թադեոս Բեբեքը ծնվել է Թուրքիայի միակ ամբողջովին հայաբնակ Վաքըֆլը գյուղում, հետագայում տեղափոխվել է Քարաբյուք, որտեղ ոչ մի հայ չէր ապրում, իսկ այժմ ապրում է Ստամբուլում։ Նա մասնագիտությամբ ատամնաբույժ է, սակայն, միևնույն ժամանակ հանդիսանում է Թուրքիայի հայերի խնդիրներով զբաղվող գաղափարային հարթակի անդամ։ Բեբեքը հայկական դպրոցներում չի սովորել, իսկ երիտասարդ տարիներից անդամակցել է Թուրքիայի ձախակողմյան ուժերի շարժումներին, զբաղվել քաղաքականությամբ։ 2008 թվականին Կ. Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հիվանդության հայտնաբերումից, և հատկապես նրա անաշխատունակության ի հայտ գալուց հետո Բեբեքը պայքարում էր նոր պատրիարքի ընտրություններ նշանակելու համար։ Նա մինչ այժմ էլ համարում է, որ արքեպիսկոպոս Աթեշյանը հայերի համար լավ առաջնորդ չէ։ Հարցազրույցը՝ որոշակի կրճատումներով, ներկայացնում ենք ստորև։ « – Որտե՞ղ եք ծնվել – Ծնվել եմ Թուրքիայի միակ ամբողջովին հայաբնակ Վաքըֆլը գյուղում, որը գտնվում է Հաթայ նահանգում (Ալեքսանդրեկ)։ Մինչև 1900-ական թթ. այդ շրջանը կոչվում էր «Մուսա լեռ», ու այնտեղ 7 հայկական գյուղ կար։ 1915-ի ոճրագործության որոշման արձակումից հետո մերոնք դիմադրություն կազմակերպեցին ու բարձրացան Մուսա լեռը։ Լեռան վրա մոտ 40 օր նրանք պայքարեցին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Միջերկրական ծովում պարեկություն իրականացնող ֆրանսիական նավատորմում ծառայող մի հայ լեյտենանտ նկատում է մերոնց։ Նրանց տարհանում են Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգիստ, իսկ այնուհետև 4 տարի պահում են Կարմիր խաչի վրաններում։ Պապս պատմել է, որ այդ ժամանակ 8 տարեկան էր։ Երբ պատերազմն ավարտվում է, Հաթայի շրջանն անցնում է Ֆրանսիայի տիրապետության տակ, ու մերոնք կրկին վերադառնում են իրենց գյուղերը։ Սակայն պետք է նշել, որ մի մասը մնում է Եգիպտոսում։ Այժմ էլ մենք Եգիպտոսում ապրող հարազատներ ունենք։ Մինչև 1938 թվականը Հաթայը մնում է Ֆրանսիայի իշխանության ներքո։ Այդ 20 տարիների ընթացքում մեր գյուղացիները նորից դպրոց են հիմնում, քանի որ հինը ոչնչացվել էր։ Այնտեղ ուսուցանվում է ֆրանսերեն, հայերեն, թուրքերեն։ 1939 թվականին Հաթայի սանջակը բռնակցվում է Թուրքիային։ Գյուղացիները, որոնք ասում էին՝ «թուրքերը նորից գալիս են», հեռանում են Սիրիա և Լիբանան, այդտեղից էլ ցրվում տարբեր երկրներ։ Բնականաբար մի քանիսը չեն ցանկանում լքել իրենց հողերը և բնակություն են հաստատում այժմյան Վաքըֆլը գյուղում։ Գնացողների մի մասը Լիբանանում հիմնում են Այնճար գյուղը: – Դուք այդտեղից Քարաբյուք եք տեղափոխվել – Հայրս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թողել է դպրոցը և իրեն նվիրել ատամնաբուժությանը։ Մասնագիտությամբ աշխատել է Հաթայի Քըրըքհան գյուղում, ես էլ նույն գյուղի դպրոցում 2 տարի սովորել եմ։ Այդ ժամանակ գյուղում դեռևս 5-6 հայկական ընտանիք կար։ Բազմազգ վայր էր, ու ոչ մեկ մյուսից չէր վախենում։ Հիշում եմ, մեր տանը բարձր մի տեղում կախված գորգ կար: Երբ ազան (մահմեդականներին աղոթքի՝ նամազի հրավիրող կանչ – ծնթ. խմբ.) էին կարդում, ռադիոն անջատում էինք: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո հորս աշխատանքի պատճառով տեղափոխվեցինք Քարաբյուք։ Այդտեղ ես հայտնվեցի ջրից դուրս ընկած ձկան կարգավիճակում։ Հաթայում հայեր կային, սակայն Քարաբյուքում մի հայ անգամ չկար, միակ ընտանիքը մենք էինք։ Դպրոցում աշակերտներն ու ուսուցիչները հարցնում էին, թե ինչու՞ է անունս Թադեոս, իսկ ես վախենում էի ասել, որ հայ եմ։ Պատասխանում էի, որ մի երգահան Թադեոս կար, պապերս նրան շատ էին սիրում ու իր անունով էլ ինձ են անվանակոչել։ Չէի կարող ասել, որ անունս Սբ. Հիսուսի 12 առաքյալներից մեկի անունն է։ Անչափ դժվար ժամանակներ էին։ Սկզբնական տարիներին շատ վատ էի սովորում։ Պատմության դասերին, երբ հայերից էին խոսում, ներսումս ամեն-ինչ խառնվում էր իրար, վշտերս խեղդում էին։ Հետո բացահայտվեց, որ ես հայ եմ, սակայն երբեք չկարողացա բացեիբաց հայ լինելս ասելու համարձակություն ունենալ։ Հայրս ընկերություն էր անում դատավորների, դատախազների, ոստիկանապետերի հետ։ Շաբաթվա վերջում նրանք խնջույք էին կազմակերպում, իսկ ծախսերը միշտ հայրս էր հոգում, փողով օգնում էր մարդկանց։ Ու դա անում էր միայն նրա համար, որ ասեին «ես շատ լավ հայ հարևան ունեմ։ Հայերը ստիպված էին լավ հարևան լինել, ամեն դեպքում նրանք ուիրշ հնար չունեին։ Հայազգի Սևակ Բալըքչըն ապրիլի 24-ին զինվորական ծառայության ժամանակ սպանվեց։ Հայերի համար ին՞չ է նշանակում զինվորական ծառայությունը (Թուրքիայի զինված ուժերում – ծնթ.)։ (2011թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի օրը, սպանվեց թուրքական բանակի ժամկետային զինծառայող, պոլսահայ Սևակ Շահին Բալըքչըն՝ Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգում գտնվող իր զորամասում – ծնթ. խմբ.): Եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ վերջին տարիներին հայերն իրենց տղա զավակներին ինչ-որ անհասկանալի անուններ են տալիս։ Դա արվում է նրա համար, որ զինվորական ծառայության ընթացքում անվան պատճառով բարդությունների չհանդիպեն։ Հայերի համար ծառայության գնալը նշանակում է անցնել դժվարությունների ու վախի միջով։ Ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով նրանք շատ հեշտությամբ կարող են բախվել անձնական խտրականության։ Օրինակ մեր զորամասում հրամանատարը բռնի կերպով ուզում էր թլպատել հայ զինծառայողներից մեկին։ Մի կերպ փրկեցինք… Զինվորական ծառայությունս Դողուբայազետում (Բայազետ) եմ անցկացրել՝ Հայաստանի սահմանի մոտ։ Ենթասպա էի, ու բուժկետում էի ծառայում։ Մի օր զորավարժություն սկսվեց, ու ինձ էլ ստիպեցին մասնակցել։ Հրամանատարն ասաց, որ թշնամին Աղրըի (Մասիս սարը – ծնթ.) կողմից է գալու, ու մենք պետք է դրան համապատասխան սցենար գրենք։ Ես հրամանատարին ասացի, որ այդ կողմում հայերն են, իր ասած թշնամիները հայերն են, նա գիտի՞ արդյոք, որ ես հայ եմ։ Նա պատասխանեց, որ իմ գալուց առաջ անձնական գործս է հասել իրեն, ու ինքն ամեն-ինչ գիտեր։ – Ձեր ընտանիքում պատմու՞մ էին ցեղասպանության մասին Տարեցները պատմում էին Մուսա լեռում կատարվածների մասին։ Գյուղում շատ ազատ էինք։ Արգելքը սկսվեց գյուղից հեռանալուց հետո։ Մենք չէինք հարցնում, ծերերն էլ չէին պատմում։ Միայն վերջին տարիներին ենք սկսել խոսել։ Այժմ, երբ հարմար առիթ է լինում, ես բարձրաձայնում եմ։ Ցավոք սրտի պետական գաղափարախոսությունից բացի մարդիկ ուրիշ բան չգիտեն։ Նոր-նոր են սկսում սովորել։ – Ին՞չ խորհուրդ ունի 100-րդ տարելիցը Ցավը ցավ է, ցավը 1 կամ 100 տարի չի ունենում։ Սակայն 100 տարին մի խորհրդանիշ է։ Այն կարևոր է պատմության հետ առերեսվելու տեսանկյունից։ Գնալով քչանում ենք, մնացել ենք 60 հազար։ Պետությունը չի կարող սահմանափակվել «արխիվները կբացենք, թող պատմագետները զբաղվեն» արտահայտություններով։ 1.5 միլիոն մարդ վերացվել է այս հողերից, բազմաթիվ մարդիկ գաղթական են դարձել։ Ոչնչացվել է մի վիթխարի մշակույթ։ Սպանվածների կապիտալը թուրքականացվել է, նրանց հաշվին թուրքերն են հարստացել, սակայն մշակութային առումով Թուրքիան աղքատացել է։ Պետք է դա հաշվի առնել։ Պետությունը ապրիլի 24-ին Չանաքքալեում տոնակատարություններ է իրականացնելու (հարցազրույցը տեղի է ունեցել ապրիլի 20-ին – ծնթ.)։ Վերջին 10 տարիներին զգացվող դրական առաջընթացի հետ համատեղ՝ պետության մտածելակերպը դեռ այդ մակարդակին է։ Պետությունը վախենում է առերեսվելուց ու ցանկանում է մոռացնել։ Արևմտյան Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդը, Վարշավայի Գետոյի հուշահամալիրի առջև ծնկի իջնելով, հրեաների ցեղասպանության համար ներողություն խնդրեց: Ի՞նչ եղավ, ի՞նչ կորցրեց նա: Նայեք, այս տարի ողջ աշխարհի հայացքը թեքվել է դեպի Թուրքիա, Չանաքքալեով ոչինչ չենք կարող փոխել: Պետությունն այնպիսիս մի բան պետք է անի, որով հնարավոր լինի սկիզբ դնել մի նոր գործընթացի: Մենք էլ հուսանք, ու թող մեր ընդհանուր երազանքներն իրականություն դառնան»:

Նմանատիպ նյութեր