211652_close_icon
views-count7016 դիտում article-date 12:58 30-04-2015

Մահացել է սպորտի վաստակավոր վարպետ, ծանրորդ, աշխարհի հնգակի ռեկորդակիր Վարդան Միլիտոսյանը

Մեծ կորուստ կրեց հայրենական սպորտը: Ծանր հիվանդությունից հետո երեկ ուշ երեկոյան իր մահկանացուն կնքեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Վարդան Իշխանի Միլիտոսյանը: Վարդան Միլիտոսյանը ծնվել է 1950 թ. հուլիսի 8-ին, Գյումրիում: Ծառայել է Խորհրդային բանակում, ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: Վարդան Միլիտոսյանը զինծառայության ժամանակ1964-ից մարզվել է ԽՍՀՄ անվանի ծանրորդ և մարզիչ Հակոբ Ֆարաջյանի գլխավորությամբ: Վարպետության դասերը լավ էր ընկալում շնորհալի մարզիկը: Նա շռնդալից հաղթանակներ է տոնել միջազգային ամենահեղինակավոր մրցաշարերում: ԽՍՀՄ հավաքականում, 75 կգ քաշային կարգի առաջատարը, դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր /1976 թ. /, աշխարհի հնգակի ռեկորդակիր, տասնյակ հաղթանակներ է տարել համամիութենական առաջնություններում և միջազգային պաշտոնական մրցաշարերում: Փաստորեն որոշակի տեղատվությունից հետո նրա շնորհիվ Հայաստանում վերսկսվեց ծանրամարտի վերելքը: Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո /1980 թ. / մեծանուն վարպետը համալրեց հարազատ քաղաքի ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցի մարզիչների շարքը ու դարձավ հմուտ ուսուցիչ: Նա շատերին վարպետության դասեր տվեց: Իր հետքերով տարավ նաև եղբորորդուն` Իսրայել Միլիտոսյանին` նրան դարձնելով աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե /1988 թ./ և ոսկե /1992 թ. / դափնեկիր: Երբեք չէր խոսում, չէր հիշատակում իր մեծ նվաճումների ու կատարած մարզական սխրանքների մասին, քանզի նա բարձր էր ու ցանկանում էր մշտապես բարձրացնել գործընկերներին: Ահա թե ինչու մարզադրոցի աշխատակազմը չափազանց բարի, ազնիվ, աշխատասեր ու մարդամոտ Վարդան Միլիտոսյանին 1996 թ. ընտրեց տնօրեն: Վերջին տասնամյակում սոցիալ տնտեսական պայմաններից ելնելով նա ստիպված եղավ այլ աշխատանքի անցնել: Բայց մեծանուն ծանրորդը անդավաճան մնաց իր մարզաձևին ու հոգով, սրտով նրա հետ էր մինչև կյանքի վերջը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ծանր կորուստի առթիվ վշտակցում է հանգուցյալի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա վարպետությամբ հիացած մարզասերների մեծ բանակին, ընկերներին: Վարդան Միլիտոսյանի հիշատակը միշտ վառ կմնա, քանզի նրա անունը ոսկե տառերով է գրված հայրենական ու համաշխարհային սպորտի պատմագրքում: ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

Նմանատիպ նյութեր