Թբիլիսիի մրցաշարում տեղի ունեցած միջադեպի մասին պատմում է ականատեսը
Թբիլիսիում կայացած շոտոկան-կարատեի աշխարհի 6-րդ առաջնության ժամանակ ադրբեջանցի և հայ մարզիկների միջև տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/09/52380/]միջադեպը[/url] վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկն էր:
[url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ը զրուցեց այդ միջադեպի ականատեսներից մեկի հետ, որը Թբիլիսիում ներկայացնում էր ջավախահայության թիմը:
«Թբիլիսիի միջադեպը տեղի էր ունեցել ջավախահայերի և ադրբեջանցիների հետ: Ջավախահայ կարատեիստները, որոնք երեսուն հոգի են եղել, հանդես էին գալիս Վրաստանի դրոշի ներքո:
Միջադեպի պատճառ դարձավ ջավախահայ մարզիկներից մեկի և ադրբեջանցու միջև մենամարտի ժամանակ մրցավարների բացահայտ կողմնակալությունը: Այդ մենամարտից անմիջապես հետո է սկսվել քաշքշուկը, որին մասնակցում էին 12-13 տարեկան պատանիները:
Տեսանյութում քաշքշուկին մասնակցում են 20-25 հոգի, որոնց մեծ մասը մարզիչներ են եղել: Սակայն մարզիչները հիմնականում փորձում էին դադարեցնել քաշքշուկը և վիաճաբանողներին մի կողմ քաշել: Հայաստանի պատվիրակությունից ոչ ոք՝ ոչ մարզիչները, ոչ մարզիկները, այդ քաշքշուկին չի մասնակցել: Դա ադրբեջանցիների տարածած ապատեղեկատվությունն է, որոնք այդ մոնտաժված տեսանյութի միջոցով փորձել են միջադեպը այլ կերպ ներկայացնել», պատմեց ականատեսը:
Նշենք, որ միջադեպը շարունակություն չի ունեցել, ձերբակալվածներ և կալանավորվածներ չեն եղել: Մեր տեղեկություններով, միջադեպի հաջորդ օրը կողմերը հաշտվել են և մրցաշարը շարունակվել է:
Հիշեցնենք, որ միջադեպի մասին [url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ին իր պարզաբանումն էր տվել նաև JKA Armenia ֆեդերացիայի նախագահ Շահեն Պետրոսյանը: