211652_close_icon
views-count1834 դիտում article-date 14:02 16-05-2015

Մենք շրջապատված ենք նենգ ու խորամանկ թշնամիներով եւ պարտադրված ենք լինել զգոն, զինված. Մանվել Գրիգորյան

Մեր ժողովուրդը երկրապահ է, խոսքն առաջնահերթ վերաբերում է հենց սահմանաբնակ ժողովրդին։ Շրջապատված նենգ ու խորամանկ թշնամիներով՝ մենք պարտադրված ենք լինել զգոն, լինել զինված, ամուր պաշտպանել հայրենյաց սահմանները։ Սակայն 21-րդ դարում պետք է կարողանանք հաղթել նաեւ գիտությամբ։ Անչափ կարեւոր է մեր օրերում գիտելիքի դերը։ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղն այս տեսանկյունից անգնահատելի աշխատանք է կատարում։ Այս մասին ասված է ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ողջույնի խոսքում՝ Իջեւանում «Պատանի երկրապահ» ակումբներ մասնաճյուղի բացմանը, որն ընթերցեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա ողջույնի խոսքը ներկյաացնում է ստորեւ. «Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ողջունում եմ սահմանամերձ տարածքում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունում գիտական կոնֆերանսի անցկացումը։ Այս իրադարձությունը կարեւոր է երկու տեսանկյունից: Նախ՝ լուրջ ուսումնասիրման կարիք ունեցող շատ հրատապ թեմա է ընտրված՝ սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները: Եվ երկրորդ՝ այս քննարկմանը մասնակցում են մեր երկրի բոլոր առաջատար բուհերի խոշոր մասնագետներ, գիտնականներ: Այսինքն՝ այսօր այստեղ՝ սահմանին կենտրոնացել է գիտական, մտավոր մի հզոր պոտենցիալ: Հատուկ կամենում եմ ընդգծել ԵԿՄ, պաշտպանության եւ կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ կնքված եռակողմ հուշագրի կարեւորությունը։ Դրա հիման վրա այսօր կրթօջախներում օրըստօրե ավելանում եւ ավելանում են երկրապահ դպրոցականները եւ ուսանողները։ Ես տեղյակ եմ, որ Մայր բուհի Իջեւանի մասնաճյուղի ուսանողներն ամբողջ կազմով երկրապահ են։ Հարգելի՛ ուսանողներ, այս բուհում դասավանդող հարգարժա՛ն մասնագետներ, դուք իսկական երկրապահ էիք դեռ մինչ Երկրապահ կամավորականների միությանն անդամագրումը։ Դուք երկրապահ եք սահմանին բնակվելով, արարելով, սահմանին ապրելով՝ գիտելիք ձեռք բերելով, սահմանաբնակին գիտելիք փոխանցելով։ Ես շնորհակալություն եմ հայտնում ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ղեկավարությանը, Երկրապահի հետ համատեղ այս միջոցառումն անցկացնելու կապակցությամբ: Սա երկրապահական ձեռնարկ է: Սա հենց այն է, ինչով երկրապահը զբաղվում է, հենց մեր առաքելությունն է: Մեր սկսած գործի շարունակումն է սա: Երկրապահը, ինչպես 1989-ից մեր ժողովրդին պարտադրված պատերազմի ժամանակ կարողացավ կազմակերպել ինքնապաշտպանություն, կռվել ու հաղթել՝ զուգահեռաբար էլ բանակ կայացնելով, ինչպես հայոց բանակի ծնողն ու սնողը դարձավ, այնպես էլ այսօր, որպես առաջամարտիկ, կանգնած է եւ վճռականորեն առաջ է ընթանալու հանուն դպրոցներում, բուհերում, բոլոր կրթական հաստատություններում երկրապահական, հայրենասիրական կառույցների ձեւավորման: Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր, որ երեխան դեռ դպրոցից պետք է իմանա իր ազգի պատմությունը, պետք է իմանա, թե մենք ով ենք, որտեղից ենք գալիս եւ ինչ նպատակներ, ինչ ծրագրեր ունենք, ուր ենք գնում: Մենք պարտավոր ենք կյանքի կոչել Սպարապետի ծրագիրը: Մենք պարտավոր ենք հայեցի դաստիարակված, որակյալ կրթություն ստացած, զենքի եւ գիտելիքի տիրապետող սերունդ աճեցնել: այսօրվա ամեն մի երեխան, ամեն մի դպրոցականը, ամեն մի ուսանողն առնվազն տասն անգամ հզոր եւ ուժեղ մարդ պետք է լինի, քան մենք էինք: Վաղվա հզոր Հայաստանի, բարեկեցիկ ու պաշտպանված Արցախի ամեն մի քաղաքացին պետք է տասնապատիկ անգամ ավելին կարողանա անել ազգի, հայրենիքի, պետության, ընտանիքի համար: Ողջունում եմ նաեւ Հանրապետությունում եւ արտերկրում ճանաչված գիտնականներին, ովքեր մասնակցում են այսօրվա գիտական կոնֆերնսին։ Հարգելինե՛րս, մենք դեռ միասնաբար լուրջ ճանապարհ ենք անցնելու: Երկրապահը 2000 թվականից նոր թափ է հաղորդել պատանի, երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Դուք եւս, հատկապես ԵԿՄ, պաշտպանության եւ կրթության նախարարությունների միջեւ հուշագրի ստորագրումից հետո, պետք է ողջ էությամբ ընդգրկվեք այս պրոցեսում: Նշեմ, որ բացի հիշյալ գերատեսչություններից, մեր այս գործընթացում ակտիվորեն եւ անձնվիրաբար ընդգրկված են մնացյալ գործընկեր կառույցները՝ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները, ոստիկանությունը, հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորները: Սա մեր պատասխանատու ճանապարհն է, որ միասին ենք անցնելու: Եվս անգամ ողջունելով կազմակերպիչներին եւ մասնակիցներին՝ բարի երթ եմ մաղթում գիտաժողովին, որ իր էությամբ ոչ միայն գիտական, այլեւ հայրենասիրական, երկրապահական միջոցառում է»։ Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության, պաշտպանության նախարարությունները և «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն 2014թ. սեպտեմբերի 9-ին կնքեցին փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է խթանել սովորողների հայրենասիրական դաստիարակությունը: Այս հուշագրի ստորագրման արդյունքում նախատեսվում են հանրակրթական բոլոր դպրոցներում ձևավորել «Պատանի երկրապահ» ակումբներ և իրականացնել հայրենասիրական դաստիարակությանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, համագործակցելով Երկրապահ կամավորականների միության հետ, ակտիվորեն կյանքի է կոչում հուշագրով նախատեսված միջոցառումներ: Հերթական ձեռնարկումներից է 2015թ. մայիսի16-ին մասնաճյուղի և ԵԿՄ կողմից կազմակերպած «ՀՀ սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները» թեմայով միջբուհական հանրապետական գիտաժողովը, որի գլխավոր նպատակն է համախմբել հանրապետության գիտնական մանկավարժների և հոգեբանների ջանքերով ակտիվացնելու և ավելի արդյունավետ դարձնելու հանրակրթական դպրոցներում իրականացվող հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացվող աշխատանքների դրվածքը, վեր հանել թերությունները և առաջարկել գիտականորեն հիմնավորված լուծումներ: Գիտաժողովին մասնակցում են հանրապետության բոլոր առաջատար բուհերի շուրջ 70 գիտնականներ, մանկավարժներ և հոգեբաններ: Սա դեռ վերջը չէ՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը և Երկրապահ կամավորականների միությունը դեռ հանդես կգան նոր, համատեղ ձեռնարկումներով՝ անակնկալներ մատուցելով մեր հասարակությանը:

Նմանատիպ նյութեր