211652_close_icon
views-count892 դիտում article-date 22:44 18-05-2015

Մարսելի «Լոնշան» պալատի 18-րդ ավանդական փառատոնն այս տարի նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Մայիսի 17-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, որպես խաղաղության խորհրդանիշ, Ֆրանսիայի Մարսել քաղաքի պատմական «Լոնշան» (Le Palais Longchamp) պալատի այգում` 18-րդ ավանդական փառատոնի շրջանակներում, տեղի ունեցավ Մարսելի քաղաքապետարանի կողմից տրամադրված ձիթենու՝ «Եղբայրության ծառ»-ի ծառատունկի արարողությունը` Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Մարսելի ֆրանսիահայ պատանի սկաուտների մասնակցությամբ: «Լոնգշամ» պալատի 18-րդ փառատոնը կազմակերպվել էր Մարսելի քաղաքապետարանի և 4-5-րդ շրջանների քաղաքապետարանի կողմից և հարուստ էր բազմաբովանդակ մշակութային միջոցառումներով՝ գրականություն, պոեզիա, գեղանկարչություն, երաժշտություն, երգ, պար, նորաձևություն, մանկական ատելյե և այլն: Փառատոնին մասնակցում են ավելի քան 200 ֆրանսիական կազմակերպություններ: Փառատոնի այս տարվա կարգախոսն է «Հայաստան»` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին շրջանի սենատոր-քաղաքապետ Բրունո Ժիլը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, փոխքաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Սենատոր-քաղաքապետ Բրունո Ժիլն իր խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչումը մշտապես շատ կարևոր է եղել մարսելցիների համար: 2015թ. հայտարարված է Հայաստանի տարի Մարսելում, և այս խորհրդանշական ծառատունկը ամբողջ տարվա ընթացքում կայանալիք` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող բազմաթիվ միջոցառումներից հերթականն է: Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանին, փառատոնի կազմակերպիչներին, անդրադարձավ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին և հայ համայնքի ու տեղական իշխանությունների արդյունավետ ու բազմածավալ աշխատանքներին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների անցկացման շրջանակներում: Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց ֆրանսիական մամուլում:

Նմանատիպ նյութեր