211652_close_icon
views-count727 դիտում article-date 11:50 23-05-2015

«Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում բացվել է «Գորգի վիրտուալ թանգարան» կայքէջը

ՀՀ կառավարության 2013 թվականի որոշմամբ` կառավարության գործունեության մշակութային քաղա­քականության գերակա ուղղություն էր ընդունվել հայկական գորգարվեստի հանրահռչակումը: Այդ համատեքստում, 2013 թվականին իրականացվել են մի շարք միջոցառումներ` հայկական գորգա­գործա­կան մշակույթի վերաբերյալ տեղեկատվության, պատմության, ավան­դույթների տարածման և ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում` տրվել էր «Գորգի վիրտուալ թանգարան» կայքէջի ստեղծման մեկնարկը: Ս. թ. մայիսի 16-ին, «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջա­նակում` Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել հայկական «Գորգի վիրտուալ թանգարան» կայքէջի շնորհանդեսը: Կայքում տեղ են գտել նմուշներ Հանրապետության վեց թանգարանների, մասնավորապես` Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանի պատմության թանգարանի, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի, Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարանի գորգերի հավաքածուներից: Կայքի ստեղծման նպատակն է՝ հայկական գորգերի տեղեկատվու­թյան բազայի ամբողջացումը, որն առաջին հերթին կարող է ծառայել որպես սկզբնաղբյուր` գիտական ուսումնասիրությունների համար: Գորգերից բացի, կայքում կտեղադրվեն նաև հայկական գորգարվեստին նվիրված տարբեր հետազոտություններ, գրքեր և հոդվածներ, որոնք հնարավորու­թյուն կտան արտասահմանցի գիտնականներին խորացնել իրենց գիտելիքներն այս ոլորտում, վերանայել իրենց կարծիքներն ու գիտական պնդումները գորգի ծագումնաբանության և սկզբաղբյուրների վերաբերյալ: Կայքն ունի կարևոր առանձնահատկություն. յուրաքանչյուր անձ, ով ունի հայկական գորգ կամ կարպետ, կարող է գրանցվել կայքում, մուտքագրել իր գորգի լուսանկարը և լրացնել համապատասխան տեղեկությունները: Կայքի ադմինիստրատոր-մասնագիտական խորհրդի կողմից տեղեկատվության հաստա­տու­մից հետո այն կհայտնվի կայքի կատալոգում և կդառնա գորգերի հանրագիտարանի մաս: Կայքը մշտապես կհամալրվի նաև այլ թանգարանների և կառույցների գորգերի հավաքածուներով, ինչպես նաև Արցախի թանգարանների և ցուցասրահ­ների գորգերով: Ծրագիրը ֆինանսավորվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից: Ծրագրի ստեղծմանը մասնակցել է նախարարությանը կից մասնագիտական խորհուրդը:

Նմանատիպ նյութեր