211652_close_icon
views-count1441 դիտում article-date 10:54 26-05-2015

Ռիգայի գագաթաժողովում ադրբեջանական պատվիրակության մեծամիտ ու ամբարտավան պահվածքը հակասական գնահատականների է արժանանում ինչպես միջազգային, այնպես էլ ռուսական մամուլում. ՀԱ

«Եվրամիության Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովում ադրբեջանական պատվիրակության դրսևորած մեծամիտ ու ամբարտավան պահվածքը, դրան հաջորդած արտգործնախարար Է. Մամեդյարովի` մայիսի 24-26-ի պաշտոնական այցը Մոսկվա հակասական գնահատականների են արժանանում ինչպես միջազգային, այնպես էլ ռուսական մամուլի էջերում,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Ակնհայտ է, որ իր արտգործնախարարին գործուղելով Ռիգա, ապա և Մոսկվա՝ Իլհամ Ալիևը նպատակ ուներ վերջնականապես հստակեցնել Արևմուտքի և Ռուսաստանի տրամադրությունները Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ։ Պատճառը այն բարդ տնտեսական ու քաղաքական կացությունն է, որի առջև կանգնել է մեր հարևան երկիրը նավթի գների անկման հետևանքով։ 1990-ականների կեսերից հայր Ալիևի հռչակած «նավթային դիվանագիտության» միջոցով հարստացած Ադրբեջանի իշխող կլանը այժմ զբաղված է բացահայտ ռեկետով՝ միլիարդավոր դոլարներ կորզելով օֆշորներում խոշոր գումարներ ներդրած օլիգարխներից։ Վաղը դրանք էլ կարող են չլինել, ուստի քանի դեռ ձեռքի տակ միջոցներ կան Իլհամ Ալիևը պետք է որոշում կայացնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Վաղը, երբ պետական գանձարանը դատարկ կլինի, իսկ երկրում սկիզբ կառնեն բողոքի ցույցերը, Ղարաբաղի փոխարեն ադրբեջանցիները կպահանջեն իշխող կլանի հրաժարականը։ Ուրեմն հարստանալու, հզորանալու և Հայաստանին իր կամքը թելադրելու Ադրբեջանի պետական դոկտրինն արդեն լուրջ հարցականի տակ է, իսկ վաղն այլևս չի աշխատելու։ Դա է պատճառը, որ սկզբում յուրահատուկ «ադրբեջանական ուլտիմատումի» առջև է կանգնեցվում եվրոպական հանրակցությունը՝ Ռիգայի գագաթաժողովի եզրափակիչ հայտարարագրում պահանջելով ամրագրել ադրբեջանական տեսակետները ՄԱԿ-Ի Գլխավոր ասամբլեայի վաղուց հնացած բանաձևերի և «20 տոկոսի օկուպացիայի» մասին։ Ստանալով հերթական մերժումը և միջազգային հանրությանը մեղադրելով «երկակի չափանիշների» մեջ, որոնց տակ Բաքվում հասկանում են Վրաստանի ու Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում Արևմուտքի որդեգրած դիրքորոշումների տեղափոխումը Ղարաբաղյան հակամարտության վրա, Ադրբեջանի արտգործնախարարությունը Ռիգայի գագաթաժողովի եզրափակիչ հայտարարագրին կցել է իր հայտարարություն-բողոքը։ Նրանում ասվում է՝ «Ադրբեջանը ողջունում է սուր և նուրբ հարցերին արձագանքելու ԵՄ փորձերը, բայց համարում է, որ կան հարցեր, որոնց շուրջ կոմպրոմիս հնարավոր չէ»» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր