Հայկական մշակույթի օր Ֆրանսիայի հայտնի ուխտատեղի Լիզյոյում
Մայիսի 24-ին Ֆրանսիայի քրիստոնյաների կարևորագույն ուխտատեղի Լիզյոյում՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության, Ֆրանսիայի հայ կաթողիկե եկեղեցու և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցան հայկական մշակութային միջոցառումներ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում:
Հոգեգալստյան տոնի առիթով ողջ Ֆրանսիայից ժամանած հազարավոր հավատավորներով լեցուն Լիզյոյի Սբ. Թերեզա տաճարում Լիզյոյի եպիսկոպոս Ժան-Կլոդ Բուլանժեն մատուցեց Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված պատարագ` ֆրանսահայ կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի նախագահությամբ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, Սուրբ Աթոռի ներկայացուցիչ Ֆլորանս Մոտտի և տեղական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Այնուհետև հոգևոր համալիրի ցուցադրությունների սրահում կայացավ «Խաչքարների արվեստը» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը՝ դեսպան Չիտեչյանի և Լիզյոյի տաճարական համալիրի ռեկտոր Օլիվյե Ռուֆֆրեյի գլխավորությամբ: Ֆրանսահայ անվանի հայագետ-մշակութաբան Պատրիկ Դոնաբեդյանը հյուրերին ներկայացրեց հայկական խաչքարագործության պատմությունը և յուրահատկությունները:
Նույն օրը երեկոյան տաճարական համալիրի կոնֆերանսների սրահում Պատրիկ Դոնաբեդյանի նախագահությամբ անցկացվեց հայոց միջնադարյան մշակույթին և հայոց պատմությանը նվիրված կոնֆերանս։