Ցյուրիխում ՖԻՖԱ-ի կոնգրեսը ընթանում է լարված մթնոլորտում, երկու պաղեստինցի ներխուժել են դահլիճ. տեսանյութ
Ցյուրիխում իր աշխատանքներն է սկսել ՖԻՖԱ-ի 65-րդ կոնգրեսը, որի ընթացքում տեղի կունենան կազմակերպության նախագահի ընտրությունները:
Կոնգրեսի աշխատանքներին նախորդել էր կոռուպցիոն խոշոր սկանդալը, որի արդյունքում ձերբակալվել են ՖԻՖԱ-ի ինը բարձրաստիճան պաշտոնյա:
Այժմ կոնգրեսի պատվիրակները բաժանվել են երկու մասի. նրանք, ովքեր աջակցում են ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահ Յոզեֆ Բլատերին, և նրանք, ովքեր պահանջում են նրա հրաժարականը: Բլատերին դեմ արտահայտվողների մի մասը զգուշացրել է, որ նրա վերընտրության դեպքում կարող են վերանայել իրենց հարաբերությունները ՖԻՖԱ-ի հետ:
Նշենք, որ երբ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը կոնգրեսի նիստը հայտարարեց բացված, դահլիճ ներխուժեցին երկու կին, որոնք պարզելով Պաղեստինի դրոշները, սկսել են քաղաքական կարգախոսներ վանկարկել: Անվտանգության ուժերը նրանց դուրս են բերել դահլիճից:
Ավելի վաղ Պաղեստինի Ֆուտբոլային Ասոցիացիան դիմել էր ՖԻՖԱ-ին, որպեսզի վերջինս իր կազմից հեռացնի Իսրայելի ֆուտբոլային ասոցիացիային: Սակայն այդ նախաձեռնությունը ՖԻՖԱ-ն մերժել է: