211652_close_icon
views-count925 դիտում article-date 19:55 03-06-2015

Պրահայում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ

Հունիսի 3-ին՝ Չեխիա կատարած պաշտոնական այցի վերջին օրը, Պրահայի արքեպիսկոպոսարանում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև բարեկամական հարաբերությունների խորացումը և այս համատեքստում կարևորել Հայ առաքելական եկեղեցու և չեխ կաթոլիկ եկեղեցու համագործակցությունը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել, որ չեխ կաթոլիկ եկեղեցին Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Յիլիի տաճարը տրամադրում է հայկական ժամերգությունների և պատարագների անցկացման համար և իր երախտագիտությունն է հայտնել Կարդինալին Չեխիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին և Ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին ցուցաբերած աջակցության համար: Ողջունելով Հովիկ Աբրահամյանին` Կարդինալ Դուկան բարձր է գնահատել Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն և կարևորել այն հայ-չեխական բարեկամության ամրապնդման և խորացման համատեքստում: Նրա խոսքով՝ մեծ պատիվ է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած և աշխարհի ամենահին ազգերից մեկի ներկայացուցիչներին և անգնահատելի համարել հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային հոգևոր և մշակութային ժառանգության մեջ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այլ հարցեր ևս, անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր