211652_close_icon

«Երևանյան ամառ» եռամսյա մարզամշակութային միջոցառումները շարունակվում են

views-count1162 դիտում article-date 19:00 15-06-2015
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքում ընթանում են «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրով նախատեսված մարզամշակութային միջոցառումները: Ծրագրերի մասին բնակչության լայն շերտերի մշտական իրազեկումն ապահովելու նպատակով հանձնարարվել է առավել ակտիվացնել հանրային իրազեկման աշխատանքները: Նշվել է նաև, որ վարչական շրջանների կողմից նախապես մշակված ծրագրի համաձայն շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Մարզաառողջարանային ճամբարներում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հանգստի կազմակերպման վերաբերյալ էլ տեղեկացվել է, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են և առաջին հերթափոխով հանգստի կմեկնի երևանաբնակ ավելի քան 400 երեխա: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել մայրաքաղաքում անցկացվելիք Համահայկական ամառային 6-րդ խաղերի պատշաճ կազմակերպման և անցկացման, ինչպես նաև Երևանի թիմի հաջող մասնակցությունն ապահովելու ուղղությամբ: Զեկուցվել է, որ Երևանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքների հետ համագործակցության շրջանակում հունիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կկայանա գերմանական 14 քաղաքների քաղաքապետերի ֆուտբոլային հավաքականի խաղը Երևանի քաղաքապետարանի թիմի հետ:

Նմանատիպ նյութեր