Մայրաքաղաքում շարունակվում է «Երևանյան ամառ 2017» եռամսյա ծրագիրը
Հունիսի 1-ից մեկնարկել և սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքում ընթանում են «Երևանյան ամառ 2017» եռամսյա ծրագրով նախատեսված մարզամշակութային միջոցառումները:
Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Ծրագրերի մասին բնակչության լայն շերտերի մշտական իրազեկումն ապահովելու նպատակով հանձնարարվել է առավել ակտիվացնել հանրային իրազեկման աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ընթացող ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ ավարտական քննությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով բոլոր դպրոցներում աշակերտների համար ստեղծված են անհրաժեշտ պայմանները: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել գործընթացի նկատմամբ հսկողությունը և պարբերաբար զեկուցել ընթացքի մասին: