211652_close_icon
views-count1672 դիտում article-date 22:27 17-06-2015

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական

Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (ԵՊԿ) տեղի ունեցավ գիտխորհրդի նիստ, որի ընթացքում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Հավատարմագրման հանձնաժողովի քարտուղար Անահիտ Ութմազյանը հանդիսավոր կերպով բուհին հանձնեցին ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայականը: Ռուբեն Թոփչյանը, շնորհավորելով բուհին, նշեց, որ հավատարմագրում ստանալը բուհի համար որակի նոր մշակույթի սկիզբն է: Նա վստահություն հայտնեց, որ 4 տարի անց ԵՊԿ-ն, որակի ապահովման շարունակական գործընթացների և փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի իրագործման արդյունքում, հավատարմագրման կդիմի արդեն նոր ձեռքբերումներով, ռեսուրսներով ու հաղթահարված մարտահրավերներով: Պարոն Թոփչյանը նշեց նաև, որ տարբեր ժամկետներով շնորհված հավատարմագրումները չպետք է ընդունել որպես այս կամ այն հաստատության առավելության գնահատական. «Չորս տարվա ժամկետն իրականում երկու երկամյա փուլեր են. երկու տարի հետո բուհը ներկայացնելու է ներքին ինքնագնահատման արդյունքները, իսկ ժամկետի ավարտին մասնակցելու է հավատարմագրման նոր շրջափուլի»: ԵՊԿ ռեկտոր Շահեն Շահինյանը, կարևորելով հավատարմագրում ստանալու հանգամանքը, նշեց, որ շուրջ երեք տարի ծավալուն աշխատանքներ են իրականացրել և երկար ճանապարհ անցել նպատակին հասնելու համար: «Ինքներս ենք շահագրգռված արդյունավետ կրթական գործընթաց իրականացնելու մեջ»,- ասաց Շահինյանը: ԵՊԿ ռեկտորը նաև ՈԱԱԿ-ին շնորհակալություն հայտնեց բուհին ցուցաբերած աջակցության և խորհրդատվությունների համար: Հիշեցնենք, որ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի ապրիլի 11-ի որոշմամբ ԵՊԿ-ին շնորհվել է 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում:

Նմանատիպ նյութեր