211652_close_icon
views-count1066 դիտում article-date 23:26 18-06-2015

Հանդիպում ՀՀ ՏԿԱԻՆ-ում. ընդլայնվում է հայ-ճապոնական համագործակցությունը

Հունիսի 18-ին ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) գլխավոր գրասենյակի Միջին Ասիայի և Կովկասյան երկրների վարչության պետ Վակուի Ակիոկոյին: Հանդիպման նպատակն էր ՏԿԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ քննարկել ՏԿԱԻ նախարարության կողմից գործակալությանը ներկայացված «Հրշեջ սարքավորումների բարելավում» դրամաշնորհային ծրագրի հայտի մանրամասները: Նախարարությունը դիմել էր գործակալությանը, որպեսզի այն տեխնիկական աջակցություն ցուցաբերի Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզերի 18 փրկարարական ստորաբաժանումների հրշեջ-փրկարարական սարքավորումների նորացման աշխատանքներում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց դրամաշնորհային ծրագրի հայտը ճշգրտումներից հետո վերանայել և հուլիսի կեսերին նորից ներկայացնել JICA-ի քննարկմանը: Իսկ մինչ այդ՝ վաղը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության տարածաշրջանային ներակայացուցիչ Վ. Ակիոկոն Ռուս-հայկական հումանիտար արձագանքման համատեղ կենտրոնի պետ Պ. Գյոզալյանի ուղեկցությամբ կմեկնի Սյունիք՝ հրշեջ սարքավորումների վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Հանդիպման ավարտին հյուրերը եղան ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ծանոթացան հրդեհների արձագանքման գործընթացին:

Նմանատիպ նյութեր