211652_close_icon
views-count979 դիտում article-date 15:52 01-07-2015

«Հայաստանը և հայերը Առաջին համաշխարհային պատերազմում» վիրտուալ թանգարան՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը

Հայ-ֆրանսիական բարեկամության ևս մեկ ապացույց. այս անգամ` վիրտուալ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացավ «Հայաստանը և հայերը Առաջին համաշխարհային պատերազմում» վիրտուալ թանգարանի շնորհանդեսը: Վիրտուալ թանգարանը նպատակ ունի ինչպես հանրության լայն շրջանակներին՝ Հայաստանում և սփյուռքում, այնպես էլ գիտնականներին առավել հանգամանորեն ծանոթացնել Առաջին համաշխարհային պատերազմում Հայաստանի, հայերի տեղին, պատմական, դիվանագիտական ասպեկտներին, ցեղասպանության հետևանքով մարդկային ողբերգությանը և թե ինչպես Հայաստանը կարողացավ դիմակայել, ոտքի կանգնել և իր փորձությունը դարձնել ուժ՝ իր ապագան կերտելու համար: Թանգարանի ստեղծման գաղափարն առաջացել է 2014 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակի առթիվ և 2015 թ. հարստացվել ցեղասպանության մասին փաստաթղթերով: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր գոհունակությունը հայտնեց Ֆրանսիայի նախագահի Հայաստան այցելության ժամանակ ստորագրված հայ-ֆրանսիական համաձայնագրի շրջանակներում ծրագրված վիրտուալ ցուցահանդեսի շնորհանդեսի առիթով. «Կայքը հայ-ֆրանսիական համատեղ ավանդի ներդրում է՝ այս տարին նշանավորած պատմական իրադարձության՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում»: Դեսպանը տեղեկացրեց, որ վիրտուալ թանգարանը Ֆրանսիայի ԱԳՆ պետական պահոցների ու արխիվների և ՀՀ պետական արխիվի համագործակցության արդյունքն է: «ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ 2014 թ. սկսվեց մի ծրագրի իրականացում, որի նպատակն է արխիվային փաստաթղթերի հիման վրա ներկայացնել հայ-ֆրանսիական կապերը 20-րդ դարի սկզբին՝ 1914-1918 թվականներին, այսինքն` Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Ուրախ եմ այսօր ներկա գտնվել ծրագրի ներկայացմանը»,- ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն՝ Ամատունի Վիրաբյանը: Նա նշեց, որ ծրագիրը շարունակվելու է մինչև 2018 թվականը. «Ամեն տարի նոր բաներ ենք ավելացնելու եղածին. նոր փաստաթղթեր, բաժիններ, և 2018 թ. կունենանք մի ամենօրյա թարմացմամբ կայք-էջ, որը կլինի հայ-ֆրանսիական կապերի, բարեկամության մասին: 2018 թ. հետո ևս աշխատանքները կշարունակվեն, քանի որ մեր կապերը չեն սպառվում, դրանք շարունակվում են»: Նա անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության տարիներին Ֆրանսիայի դիրքորոշմանը. «1915 թվականին Ֆրանսիայի Հանրապետությունը, Անգլիան ու Ռուսաստանը հանդես եկան մի հայտարարությամբ, որով հայերի նկատմամբ իրագործվածն անվանեցին մարդկության դեմ հանցագործություն: Բացի այդ, Ֆրանսիան դարձավ այն երկրներից մեկը, որն ապաստան տվեց մեծ քանակությամբ հայ գաղթականների»: Ծրագրում ներկայացված է 46 փաստաթուղթ, ներառյալ նաև այս ցուցադրության մեջ առաջին անգամ տեղադրված Կովկասյան ճակատի քրոնիկոնը: Բացի այդ` կայքում փաստաթղթեր կան Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիական բանակի կազմում կռվող հայկական՝ Արևելյան լեգեոնի մասին, որն աչքի է ընկել Միջին Արևելքում: Ծրագրի ֆրանսիական կողմը ներկայացնող Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի տնօրեն Կլեր Մուրադյանը նշեց, որ ամեն տարի ցուցահանդեսի բաժինները կհամալրվեն, արխիվային նյութերի թիվը կաճի: Կայքը եռալեզու կլինի՝ ֆրանսերեն, անգլերեն և հայերեն: Այլ նյութերի շարքում կլինի նաև Փարիզի խաղաղության կոնֆերանսի ժամանակ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքային պահանջների քարտեզը:

Նմանատիպ նյութեր